Քննարկվել է նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության նպատակային թիրախավորման հարցը
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության կազմակերպած երրորդ տարածաշրջանային երկօրյա առցանց համաժողովը՝ նվիրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» (Ֆարոյի) ԵԽ շրջանակային կոնվենցիային: Միջոցառումը տեղի է ունեցել «Ֆարոյի կոնվենցիան հանուն մշակութային ժառանգության հստակ գործողությունների» խորագրի ներքո: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ Մարիամ Գիգոյանը:
Միջոցառման ընթացքում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև տարբեր պետությունների ներկայացուցիչներ հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով Ֆարոյի կոնվենցիայի հիմնադրույթները, դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև կոնվենցիայի դրույթների կատարման իրենց փորձը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ևս հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի փորձը կոնվենցիայի կիրարկման գործում և հատուկ շեշտադրում կատարելով մշակութային ժառանգության թվայնացման և ժառանգության պահպանության գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման վրա: Մարիամ Գիգոյանն անդրադարձել է նաև 2020 թ. երկու ամենամեծ մարտահրավերներին՝ COVID-19 համավարակին և 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային: Նա նշել է, որ ի թիվս այլ հանցանքների՝ պատերազմի ընթացքում Հայաստանն ականատես է եղել հայկական մշակութային և կրոնական ժառանգության նպատակային թիրախավորմանն ու հուշարձանների վանդալիզմին, ինչը բացահայտ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» և «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Ֆարոյի կոնվենցիաները: Մարիամ Գիգոյանը, կարևորելով մշակույթը՝ որպես համամարդկային արժեք, անդրադարձել է նաև մշակույթի ոլորտի բարեփոխումներին և մշակվող ռազմավարությանը:
Կարծիքներ