ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը

ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ի աշխատակազմը:

 

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:

 

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ:

 

Ուստի Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմը, ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ:

 

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

 

Այս համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

 

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

 

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

 

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում