Մարդիկ կան, ովքեր ամաչում են բարևելիս չհամբուրվել, չգրկվել, մտածում են՝ դիմացինը կնեղանա․ հոգեբան
Համաճարակային պայմաններում մարդկանց հոգեկան առողջության վրա ազդող հանգամանքները բավականին շատացել են։ Հոգեբան Սամվել Խուդոյանը դրանց շարքից առանձնացնում է հատկապես շփման չբավարարվող պահանջմունքը։ Freenews.am-ի հետ զրույցում Խուդոյանը նշեց, որ չբավարարվող պահանջմունքները ագրեսիա, դեպրեսիա առաջացնելու գլխավոր պատճառներից են։
«Մարդիկ կտրվել են իրենց բնականոն կյանքից։ Մի շարք պահանջմունքեր այդպիսով չեն բավարարվում, որոնք հոգեբանական խնդիրներ են առաջացնում։ Առաջինը շփման պահանջմունքն է։ Ցանացած պահանջմունք, որը չի բավարարվում, առաջացնում է ագրեսիա, դեպրեսիա, այս դեպքում նաև ֆոբիա»,- նշեց նա՝ ավելացնելով,- այսօրվա դրությամբ վստահորեն կարելի է ասել, որ ձևավորվել է կորոնաֆոբիա»։
Հոգեբանը նկատում է, որ առաջացած սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական խնդիրները հանգեցրել են ընտանիքներում ագրեսիայի աճի։
«Ընտանիքում ագրեսիվությունն է աճել։ Ընդհանուր ժողովրդի տագնապայնությունը բարձր մակարդակի վրա է, չնայած որ շատերը համառորեն շարունակում են դիմակ չկրել»։
Սամվել Խուդոյանի գնահատմամբ՝ չնայած որ տագնապայնությունը բարձր է և վախի մթնոլորտ կա ձևավորված, այնուամենայնիվ հենց այդ երկու հանգամանքներն են մարդկանց մղում պահպանելու հակահամաճարակային կանոնները։
«Վախի մի որոշակի դոզա պետք է ստանա բնակչությունը, որն էլ զգոնություն կառաջացնի նրանց մեջ։ Պետք է կարգը խստորեն պահվի, տուգանքները պետք է անվերապահորեն գործեն, սա շատ կսթափեցնի մարդկանց»,- մեզ հետ զրույցում նշեց հոգեբանը։
Սամվել Խուդոյանը կարծում է, որ մարդկանց սթափեցնող գործոններից մեկը ինֆորմացիայի մատուցուման ձևն է։ Ըստ նրա՝ այսօր կորոնավիրուսի մասին ինֆորմացիան ճիշտ կերպով է մատուցվում։
«Վարակի վերաբերյալ վերջին մի ամսում ինֆորմացիան լավ է մատուցվում։ Ապատեղեկատվությամբ արխայնացնելն է ավելի վտանգավոր»։
Հոգեբան Խուդոյանը, գնահատելով համավարակի պայմաններում քաղաքացիների հանրային վարքագիծը, առանձնացնում է երկու ծայրահեղ դրսևորումներ։
«Հոգեբանական տեսանկյունից երկու ծայրահեղությունների ենք հանդիպում՝ գերզգուշություն և չափազանց արխային մոտեցումներ։ Մարդիկ կան, ովքեր ընդհանրապես դուրս չեն գալիս անգամ քայլելու, բայց դա նրանց ավելի է վնասում։»
Մյուս տարօրինակ մոտեցումը. կանոնները պահպանելու հանդեպ անհարմարության զգացողությունն է։
«Մարդիկ կան, ովքեր ամաչում են բարևելուց չհամբուրվել, չգրկվել։ Մտածում են՝ դիմացինը կնեղանա»։
Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս ներշնչանքին տուրք չտալ, չվախենալ, այլ պարզապես զգուշանալ։
«Վախը շատ բացասաբար է ազդում, ընդուպ մինչև իմունիտետն է թուլացնում։ Պետք է զգուշանալ, ոչ թե վախենալ։ Չի կարելի տանը նստած վախից դողալ, թե՝ վա՜յ, ոնց կլինի վաղը, բա որ վարակվեմ։ Ներշնչանքի հետևանքնով մարդու մոտ կարող են անգամ սիմպտոմներ ի հայտ գալ։ Բայց ենթագիտակցությունը պետք է հակադրվի, մարդը չհավատա դրան»։
Այն հարցին, թե ինչպես կառավարել նեշնչանքն ու հույզերը, Խուդոյանը դժվարացավ պատասխանել։
«Ներշնչանքը կառավարելը արդեն հոգեբանական հմտություն է։ Դա պետք է մարդուն սովորեցնել դեռ մանկուց, թե ինչպես հաղթահարել սթրեսը։ Առաջին քայլը գիտակցելն է, որ արդեն չափն անցա, պետք է այս վախը հանել։ Երկրորդ քայլը՝ որոշել, որ պետք է հաղթահարել, երրորդը՝ գտնել մեթոդներ ու եղանակներ՝ ինչպես հաղթահարել։ Ամեն մեկը իր տեսակին համապատասխան պետք է մեթոդներ գտնի։ Այդպիսի մեթոդներից կարող է լինել նաև վիզուալ պատկերացումները, թե ինչպես է օրգանիզմը սրով սպանում իր ներսի վիրուսին»։
Հոգեբանական դժվարին վիճակներում հայտնված անձանց Խուդոյանը նաև խորհուրդ է տալիս այցելել հոգեբանի, միաժամանակ նշելով, որ մեր օրերում այդ ծառայությունները այդքան էլ մատչելի չեն, ցավոք։
«Հոգեբանին այցելությունը պետք է լինի շաբաթը 1-2 անգամ, իսկ ամեն սեանսի արժեքը տատանվում է 15-20 000 դրամի շրջանակում, որը շատ մարդկանց համար իրոք դժվար է։ Սակայն պետք է նշեմ նաև, որ ավելի շատ ժողովրդի մեջ այդ մշակույթը դեռևս լավ ձևավորված չէ»։
Ինչ անել, երբ իմացար, որ կորոնավիրուսի թեստիդ պատասխանը դրական է հարցին Խուդոյանը պատասխանեց։
«Դառնալ ինքդ քո բժիշկը։ Ուշադիր կերպով հետևել Ձեզ հետ կատարվող փոփոխություններին, թե որ դեղամիջոցն է ավելի լավ ազդում, որը՝ չէ։ Այն մարդը, ով պառկի, ասի՝ ինձ բուժեք, ինքը դժվար կբուժվի։ Մեր ամենամեծ բժիշկը մենք ենք։ Պետք է մեր հոգեկան աշխարհն էլ պայքարի հիվանդության դեմ, իսկ թե ինչպես ակտիվացնել այդ բժշկին, շատ բարդ է»։
Կարծիքներ