Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։
Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու պետություններում կազմակերպվող մշակութային միջոցառումները, որոնց շրջանակում 2025 թվականի հունիսի 5-7-ը Հայաստանում կայացան Վրաստանի մշակույթի օրերը: Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։
«Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է ծրագիր՝ մշակույթի բնագավառում 2025-2027 թթ. համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ կողմերը կխրախուսեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև տեղեկությունների և մասնագետների փոխանակումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում համագործակցությունը։
Կխրախուսվեն փոխադարձ մասնակցությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումները, այդ թվում՝ երաժշտական, ֆիլմերի, պարարվեստի և թատերական փառատոների, մրցույթների և աշխատաժողովների կազմակերպման միջոցով։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է դիտարկել նաև 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
«Հաշվի առնելով երկրների առաջնահերթությունները՝ կողմերը կհամագործակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների իրավասության ներքո գտնվող հարցերի, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շրջանակում»,- նշել է ԿԳՄՍ նախարարությունը՝ հավելելով, որ այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան։
Կարծիքներ