Լոնդոնը և Հռոմը ցանկանում են ընդլայնել զենքի մատակարարումներն Ասիային՝ Տոկիոյի հետ նոր նախագծի շրջանակներում. Financial Times
Մեծ Բրիտանիայի և Իտալիայի համագործակցությունը Ճապոնիայի հետ նոր սերնդի կործանիչ ստեղծելու բնագավառում կնպաստի Ասիայի շուկաներ նրանց պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացմանը։ Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականին:
Ըստ նախագծին մասնակցող բրիտանական BAE Systems ընկերության և իտալական Leonardo խոշորագույն պաշտպանական հոլդինգի ղեկավարների՝ Ասիայի շուկաներ ներթափանցելը մինչև այժմ բավական դժվար է եղել: Մեծ Բրիտանիայի BAE Systems ընկերության ղեկավար Չարլզ Վուդբերնը վստահ է, որ եռակողմ միավորումը «լրացուցիչ արտահանման ուղիներ կստեղծի» տարածաշրջանում և թույլ կտա «ժամանակի ընթացքում ավելի շատ գնորդներ գտնել, որոնց թիվը կավելանա 2030-ականներին»: Իսկ է Leonardo-ի գխավոր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոն նշել է, որ եռակողմ դաշինքը կարևոր է նաև այն առումով, որ հնարավոր է դառնում մուտք գործել ճապոնական շուկա:
«Վստահաբար, այն փաստը, որ մենք ներկա կլինենք Ճապոնիայում, շատ կարևոր է: Այլ խաղացողներ էլ կան, որոնք շատ ուժեղ են, սակայն Ճապոնիան կբացի դռները դեպի Հեռավոր Արևելք», - ասել է նա: Իսկ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies) գիտաշխատող Դուգլաս Բարին նշում է, որ հեշտ չի լինի ներթափանցել այն շուկաներ, որտեղ ավանդաբար եղել են ամերիկյան զենքի գնորդներ:
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան միասին կստեղծեն վեցերորդ սերնդի կործանիչ։ Գլոբալ մարտական օդային ծրագրի (GCAP - Global Combat Air Program) շրջանակներում Ճապոնիան իր գոյություն ունեցող F-X նախագիծը կհամատեղի Մեծ Բրիտանիայի Tempest նախագծի հետ: Ենթադրվում է, որ նորագույն կործանիչը պատրաստ կլինի մինչև 2035 թվականը:Նախագիծը նպատակ ունի ստեղծել կործանիչ, որը կդառնա ԱՄՆ-ի և ԵՄ-ի մշակումների այլընտրանքը։
Կարծիքներ