Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը՝ Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը՝ Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

Ի պատասխան վերջերս սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ հրապարակումների՝ ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունը հայտնում է, որ խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է։

«Տարվում են աշխատանքներ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։

Հիշեցնում ենք, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակներով՝ կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ՝ Կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»,- հայտնում են ՇՄ նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում