Ըստ ռուս փորձագետի՝ երկաշարժը չի կարող վնասել Մեծամորի ատոմակայանին
Հայաստանի ատոմակայանը կառուցված է շատ ամուր հիմքերի վրա, և երկրաշարժերի հետևանքով այնտեղ հնարավոր չեն լինի այնպիսի երևույթներ, ինչպիսիք կարող են լինել այլ շինությունների դեպքում:
Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամրջի առցանց ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:
«Այնտեղ հնարավոր չեն այնպիսի երևույթներ, որոնք երկրաշարժի հետևանքով կարող են լինել, օրինակ, բարձրահարկ շինությունների դեպքում: Այդ շինությունը երկրաշարժից հաստատ չի վնասվի»,- նշեց գիտնականը:
Անդրադառնալով, մասնավորապես, Երևանում կառուցվող բազմահարկ շենքերի սեյսմակայունության ու շինարարության ընթացքում համապատասխան տեխնոլոգիաների հնարավորությունների հարցին՝ Շեբալինը նշեց, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաններին գործնականում հետևելու և բազմահարկերը սեյսմակայունության համապատասխան հաշվարկով կառուցելու դեպքում ոչ ուժեղ երկրաշարժերը մեծ ավերածություններ չեն գործի:
«Ըստ ինժեներային սեյմոլոգիայի՝ բարձրահարկ կառույցը ցածրահարկից տարբերվում է նրանով, որ երկրաշարժի ժամանակ այն հնարավոր է տեղաշարժել ավելի երկար հաճախականություն ունեցող ալիքներով, որոնց միջոցով էներգիան փոխանցվում է այդ շինությանը: Այս դեպքում շատ կարևոր է ոչ թե շենքի բարձրությունը, այլև՝ հիմքի կայունության աստիճանը: Եթե խարխլվի հիմքը, բարձրահարկը, հնարավոր է, փլվի: Գլխավորը, որ չխախտվեն բարձրահարկի հիմքերն ու բետոնային հանգույցները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն սեյսմիկ գոտիների կառուցապատման չափանիշներին»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ սեյսմակայունության շինարարական տեխնոլոգիաները պահպանելով կարելի է բարձրահարկեր կառուցել:
Իր խոսքում գիտնականը արդյունավետ համարեց Գյումրիում գործող երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի և ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի կենտրոնի սերտ համագործակցությունը:
Խոսելով ըստ ուժգնության աստիճանի երկրաշարժերի վտանգավորության մասին՝ փորձագետը նշեց, որ բնակավայրերում մեծ ավերածությունների ու մարդկանց կյանքի համար առանձնապես վտանգավոր են 8 և ավելի բալանոց ցնցումները:
«Կովկասն առանձնահատուկ տարածաշրջան է նրանով, որ բնակավայրերի դասավորությունը խիտ է, դատարկ տարածությունները քիչ են: Յուրքանչյուր ուժեղ երկրաշարժ կհասնի որևէ բնակավայր»,- պարզաբանեց Շեբալինը՝ չբացառելով տարածաշրջանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ նոր երկրաշարժերը: «Վաղ թե ուշ այնպիսի երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, տեղի կունենա: Դրանից պետք չէ վախենալ: Պարտադիր է, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի, իսկ շինությունների դիմացկունությունը՝ տարածաշրջանին բնորոշ ուժգնություն ունեցող երկրաշարժերի հաշվարկով կառուցվեն»,- եզրափակեց սեյսմոլոգը՝ հույս հայտնելով, որ երկրաշարժերի գոտիներում շինարարության ընթացքում պահպանվում են սեյսմակայունության նորմերը:
Կարծիքներ