Ընդդիմությունը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հակապետական գործունեություն է իրականացնում. Արթուր Հովհաննիսյան
Վաղը Բրյուսելում կկայանա ԵԽ նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսօր ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանրահավաք են կազմակերպել։ Այս մասին Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության այսօրվա հանրահավաքին։ Այս փուլում որքանո՞վ է այն տեղին։
- Շատ վատ եմ վերաբերվում, որովհետև, նախ, ընդդիմությունը ՀՀ պետական շահերի հետ չհամընկնող և անհասկանալի օրակարգերով է առհասարակ առաջնորդվում, և այս հանրահավաքը ՀՀ շահերից չբխող հերթական գործողությունն է՝ մասնավորապես, վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Մենք՝ որպես քաղաքական թիմ, բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ի, ԼՂ-ի համար դժվարագույն ժամանակաշրջանում ենք ապրում, և մեզ առնվազն պետք է ներքաղաքական, ներհանրային միասնություն, արտաքին քաղաքականության ուղղությամբ հստակ, նույնական քաղաքականություն, բայց տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է իր «հին երգը երգել», որն իշխանության զավթման մասին է։
- Այդ դեպքում ո՞րն է նրանց նպատակը։
- Ընդդիմության գլխավոր նպատակն է՝ օգտագործելով արտաքին մարտահրավերները, ռիսկերը, ներքաղաքական դիվիդենտներ հավաքել, հանրությանը մոլորեցնել ու կեղծ իրականություն մատուցել։ Երեկ տեսա ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր մի շարք երևույթներից, բայց չէր ներկայացնում իրենց քաղաքական ուժի կամ քաղաքական առաջնորդ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները խնդրի լուծման մասին։ Մենք գործ ունենք մի խմբի հետ, որը պարզապես ցանկանում է զավթել ՀՀ իշխանությունը, կրկին ժողովրդին մատուցել կեղծ իրականություն։ Ընդդիմության պատկերացումներն իրենց գործողությունների մասին այսքանով ավարտվում են։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նաև անպատասխանատու արտահայտություններ են հնչեցնում, թե գնալու են Շուշին, Հադրութը հետ բերեն։ Մեզ մոտ տպավորություն է, որ նրանք պարզապես չեն ուզում կիսել որևէ պատասխանատվություն՝ ՀՀ առջև ծառացած խնդիրները լուծելու գործում։
-Հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ կարծիք ունեք անձամբ իր մասնակցության վերաբերյալ։
-Սերժ Սարգսյանի մասնակցությունը պարզապես ևս մեկ հոգով կավելացնի հանրահավաքի մասնակիցների քանակը։
-Երբ Արցախում իրավիճակը լարված է լինում, իշխանությունն ու ընդդիմությունը համախմբվում են։ Ինչու՞ այժմ դա առկա չէ։ Իշխանության կողմից կոչերն ինչպիսի՞ արձագանք են ստանում։
-Ընդդիմության հետ մեր հրապարակային խոսակցությունները ոչնչով չեն տարբերվում նրանց հետ փակ խոսակցություններից, որոնք չեն հանրայնացվում կամ այլ ձևաչափերով են տեղի ունենում։ Դրանք նույնական են։ Հանրությունը ընդդիմության հետ մեր հանրային հաղորդակցությունից կարող է հստակ հասկանալ բոլոր դետալները։ Բազմաթիվ հրավերներ են եղել ընդդիմությանը, որ վարչապետի հետ փակ դռների հետևում քննարկենք մի շարք փաստաթղթեր, բանակցությունների ընթացքին վերաբերող մի շարք դետալներ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել, սակայն ընդդիմությունը հրաժարվում է։ Մենք ընդդիմությանը պարբերաբար կոչ ենք անում մասնակցել միջազգային հարթակներում տեղի ունեցող մի շարք միջոցառումների, քննարկումների, ժողովների, բայց վերջինս պատասխանատվությունից փախչելու համար չի մասնակցում միջագային որևէ միջոցառման։ Այս տրամաբանության տիրույթում է ընդդիմության ողջ գործունեությունը, որը, կարծում եմ, առհասարակ կապ չունի այն իրողությունների հետ, որոնք գոյություն ունեն այսօր։
Մեր կողմից բաց են համագործակցության դռները բոլոր այն մարդկանց համար, որոնք կարող են նպաստել խաղաղության օրակարգին, ՀՀ-ի և Արցախի անվտանգային ռիսկերի նվազեցմանը, բայց ընդդիմության կողմից ոչ թե բացասական պատասխան է տեսնում, այլ միասնական պատասխան չի լինում։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքում կան ՀՅԴ ներկայացուցիչներ, Քոչարյանի ներկայացուցիչներ, կան պատգամավորներ, որոնք, անհասկանալի է, թե ում ներկայացուցիչներն են՝ ներսի՞ ուժերի, թե՞, միգուցե, արտաքին ազդեցության որոշակի ներկայացուիչներ, որովհետև մեր առաջարկներին միասնական մոտեցում, պատասխան չենք լսում։ Թեև ընդդիմությունն աղաղակում է, թե, իբր, առաջարկում է հանդիպել, բայց իշխանությունը հրաժարվում է, միևնույնն է, հանրությունը տեսնում է, որ իրական կյանքում բոլորովին հակառակն է։ ԱԺ ամբիոնից թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ նախագահը, փոխնախագահը, ԱԳ նախարարը, մի շարք պատգամավորներ բազմիցս ասել են՝ եկեք քննարկենք, բայց չեն գալիս։ Մեզ համար անընդունելի է խորհրդարանական ընդդիմության այս պահվածքը, որովհետև վերջինս շատ կարևոր դերակատարում ունի առհասարակ բոլոր ժողովրդավարական պետություններում և այսօրվա ՀՀ-ում։ Բայց մենք, ցավոք սրտի, այստեղ բաց ունենք, դրա համար խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, նաև ընդդիմության տեղն է գործ անում թե՛ միջազգային հարթակներում, թե՛ երկրի ներսում։
-Քաղաքական իրավիճակի սրումն ինչպե՞ս կարող է ազդել վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման վրա։
-Վաղը կայանալիք հանդիպումից առաջ այսօր Ազատության հրապարակում հնչելու են անընդունելի արտահայտություններ։ Սրանում վստահ եմ՝ ելնելով ընդդիմության նախորդ պահվածքներից։ Հարվածել ՀՀ իշխանությանը, ասել է թե՝ ՀՀ-ին Ադրբեջանի հետ սպասվելիք հանդիպումից առաջ, առնվազն հակապետական գործունեություն է։ Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ է միասնություն և, մասնավորապես, արտաքին քաղաքականության տիրույթում միասնական քաղաքականություն, հստակ ուղերձներ ու կոնկրետ ասելիքներ, բայց ընդդիմությունը փորձում է լարվածություն մտցնել՝ բացառապես ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Քաղաքական լարվածությունը, բնականաբար, վնասում է այս փուլում ընթացող գործընթացին և, առհասարակ, ավելորդ է մեզ համար, բայց չեմ կարծում, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը երկրի ներսում որևէ լարվածություն ստեղծելու ներուժ ունի։ Այն ՀՀ-ում չունի աջակցություն։ Վստահ եմ, որ ընտրություններին գրանցված քվեները շեշտակի անկում են գրանցել նրանց՝ խորհրդարանում պահվածքից հետո։
Կարծիքներ