Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր` ապրիլի 5-ին, նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում:
Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է նախագծով օրենսգրքում նախատեսված հիմնական փոփոխությունները և շեշտել, որ ՏԿԵ նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ աշխատելաոճ։
‼️Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները նշված Նախագծի վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ՀԿ սեկտորի կողմից բարձրացվել է մտահոգություն, ըստ որի՝ այս նախագիծը միտված է սահմանափակելու քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Այդ մտահոգությանն ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երբեք չի իրականացնելու այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը կսահմանափակի ՀՀ քաղաքացու ազատ արտահայտման իրավունքը կամ միտված կլինի մարդու իրավունքների ցանկացած սահմանափակման: «Նշված փոփոխությունները նախատեսված են որպես ներդրումային միջավայրի բարելավման գործիք՝ բնագավառն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը։
Կարծիքներ