Անշարժ գույքի շուկան` Covid-19-ի պայմաններում

Անշարժ գույքի շուկան` Covid-19-ի պայմաններում

Կորոնավիրուսով պայմանավորված տների վաճառքները բավականին քչացել են։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ամալյա Մնացականյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ գումար չունեն, որպեսզի նոր տուն գնեն։ Իսկ եթե հայտնվում են գնորդներ, ապա նախկին վաճառած բնակարանի գումարով են փորձում հարմար տուն գտնել։

«Մարդիկ գումար չունեն, մարդկանց հիփոթեք չեն տրամադրում։ Մեզ ավելի շատ զանգում են՝ իմանալու համար՝ իրենք այդ նույն գումարով կկարողանան կամ հող, կամ սեփական տուն գնել։ Մարդիկ մտադրություններ ունեն, բայց չեն տեղավորվում գումարայինի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ամալյա Մնացականյանը։

Վերջինիս նկատմամբ՝ չնայած նրան, որ վարձակալության գները իջել են, այնուամենայնիվ, նվազել է նաև տարածքներ վարձակալողների թիվը։

«Տարածքները լրիվ ազատել են։ Գործունեություն ծավալող չկա, ո՞վ պետք է վարձակալի։ Կամ պետք է տարածքի գինը իջեցվի, որպեսզի մարդիկ շարունակեն վարձակալել, կամ պետք է անգամ անվճար տրամադրել, մինչև կսկսեն նորից եկամուտ ունենալ և ի վիճակի լինեն վարձակալության գումար տալու»։

Մեր այն հարցին՝ բնակարա՞ն, թե՞ սեփական տուն են նախընտրում քաղաքացիներն ավելի շատ, Ամալյա Մնացականյանը պատասխանեց․

«Նախընտրությունն ավելի շատ սեփական տների կողմն է, բայց հետաքրքրության մակարդակում։ Մարդիկ գումար չունեն տուն առնելու»։

Քաղաքացիների բնակարանային ապահովության հարցը լուծելու համար 2020թ․-ից պետությունն աջակցության ծրագրեր է իրականացնում երեխա խնամող և երիտասարդ ընտանիքների։

Մասնավորապես, միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար այն ընտանիքներին, որտեղ կա 2 անչափահաս երեխա։ Որպես կանխավճար, որպես անհատույց աջակցություն պետությունը կօգնի տվյալ քաղաքացուն, ոչ ավել քան բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց կախված այդ ընտանիքում երեխաների քանակից, կարող է ավելանալ մինչև 2 միլիոն դրամ։

Հաջորդ ծրագիրը երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների բնակարանների կանխավճարների ապահովգարությանն է վերաբերում, քանի որ վերջիններիս համար հիփոթեքով բնակարանի ձեռք բերման համար հիմնական խոչնդոտը հենց կանխավճարի գումարի բացակայություն է: Պետությունը կապահովագրի կանխավճարի գումարը, հետագայում շահառուն ինքը կվճարի այդ կանխավճարը, բայց առանց տոկոսների, առանց լրացուցիչ գումարների։

Սակայն բոլոր դեպքերում պարտադիր է լինելու, որ անձի կողմից 5 տոկոսի ներդրում լինի:

Երրորդ ծրագիրն այն ընտանիքների համար է, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկեր, կատարում են վճարումներ և ծնվում է երեխա։ Հաշվի առնելով՝ թե որերորդ երեխան է ծնվում ընտանիքում, հիփոթեքային վարկի որոշակի տոկոսի չափով միանվագ, որպես վճարում գումար է շնորհվում։

Եթե առաջին կամ երկրորդ երեխան է ծնվում, ապա հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով մարվում է մարզային բնակավայրերում և 5 տոկոսի չափով՝ Երևան քաղաքում, իսկ եթե ծնվող երեխան 3-րդը կամ ավելին է, ապա ցուցանիշներն աճում են՝ մարզային բնակավայրերում հասնելով մինչև 50 տոկոսի, իսկ Երևանում՝ 25:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում