Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը. ՄԱՍ 1

Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը. ՄԱՍ 1

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են վարչապետի ելույթը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ասել, որ այսօր եզդիական Նոր տարին է, և ես ուզում եմ Հայաստանի եզդիական համայնքին, մեր եղբայրներին շնորհավորել այդ տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել այն բոլոր ջանքերի և ներդրման համար, որ նրանք ներդնում են մեր ընդհանուր հայրենիքի կայացման և զարգացման գործում: Շնորհավոր, եզդիական Նոր տարի:

Մեծարգո նախագահող,

Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի պատգամավորներ,

Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թվականի տարեկան զեկույցը:

2019 թվականը մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ հաջող տարի էր: 2019 թվականին մենք ունեցանք վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ և շուրջ 63 մլրդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրավորված պլանը:

2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց: 2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը, և մեզ մոտ սկսվեց ճգնաժամային մի ժամանակաշրջան: Թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020  թվականի վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով:

Վերը նշված հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Եվ առաջին փուլում այդ ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 000 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով: Մեր տնտեսական ցուցանիշներն արդեն ասացի՝ 2020 թվականին 7.6 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել, ունեցել ենք 3770-ից ավելի մահ կորոնավիրուսից: Միևնույն ժամանակ իրականացրել ենք հակաճգնաժամային 25 միջոցառում, որոնց շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 1.1 մլն ֆիզիկական անձ, 83 000 իրավաբանական անձ: Ուզում եմ ընդգծել նաև, որ շահառուներին, ընդհանուր առմամբ, հասանելի է եղել 239 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակում, որից պետական բյուջեի ծախսը՝ 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները պետական բյուջեից՝ 20 մլրդ դրամ: Մնացածը կառավարության խթանող քաղաքականության արդյունքում իրականացվել է բանկային համակարգի միջոցով:

Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2020 թվականի համար այսօր մեր կարևորագույն ասելիքը պիտի կապված լինի 44-օրյա պատերազմի հետ, և գիտեք, որ սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը Ադրբեջանի հարձակումով: Պատերազմի մասին, իհարկե, շատ է խոսվել, բայց ես այսօրվա առիթը պատեհ եմ համարում՝ պատերազմի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք այս ընթացքում ունեցել ենք թյուըմբռնումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ գուցեև ակամա և ոչ դիտավորյալ:

Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից: Նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ, մեջբերում եմ. «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»:

Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին, հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»: Էլի եմ ասում, Գլխավոր շտաբի պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է. «Արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»: Սա Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ: Ես ուզում եմ ձեզ բոլորին հիշեցնել, որ մենք ամենաբարձր մակարդակով 3 անգամ ունեցել ենք հրադադարի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ և պայմանավորվածություններ: Առաջին պայմանավորվածությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, և արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը՝

«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարում են.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վլադիմիր Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

 

2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին, ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

 

Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

 

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

 

Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Կրկնում եմ՝ այս հայտարարությունն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Ինչո՞ւ չի կայացել հրադադարը: Մի պարզ պատճառով: Ադրբեջանը չի պահպանել հրադադարը Թուրքիայի այն հայտարարությունների ֆոնին, որ, իրենց կարծիքով, Ադրբեջանը չպետք է պահպանի հրադադարը:

Հաջորդ նման պայմանավորվածությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ հետևյալ հայտարարությամբ զուգորդված.

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից (այսինքն՝ կեսգիշերից – Ն.Փ) հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Հրադադարը չի պահպանվել կրկին Ադրբեջանի կողմից:

Հրադադարի մասին հաջորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ այս անգամ արդեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Այդ միջնորդական ջանքերի արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: 

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր 3 հայտարարությունների մեջ հղում է արված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հայտարարությանը, որտեղ արձանագրվում է, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և ֆորմատի փոփոխություն տեղի չի ունենում: Բայց հերթական հայտարարությունը, հրադադարը նույնպես չի պահպանվել Ադրբեջանի կողմից:

Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Եվ այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:

Ավելին, ասեմ նաև՝ Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ ես չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում:

Որից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով:

Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և նա ասել է, մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել – սա շատ կարևոր արձանագրում է – որ ՌԴ նախագահի հետ մենք նույնկերպ ենք ձևակերպում կամ ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարց է եղել, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ

Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը: Երկրորդը՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, որևէ ձևով չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Եվ նաև - սա նոր դետալ է, որը ես պետք է ասեմ, նախկինում չեմ ասել այս դետալի մասին - ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք:

Այս մանրամասներն ինչո՞ւ եմ նշում՝ որովհետև Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում, ըստ էության, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այսինքն՝ Ադերբեջանն ընդհանրապես կտրականապես մի իքս պահից հրաժարվել է օրակարգ մտցնել կամ, ավելի ճիշտ, օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը:

Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը, այս ամբիոնից հետևյալ հայտարարությունը անելիս և ներողություն եմ խնդրում ինքս ինձնից մեջբերում անելու համար: Եվ այսպես, այս նույն ամբիոնից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարել եմ. «Ըստ էության, Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին (այսինքն՝ 7 շրջանները- Ն.Փ.)՝ առանց որևէ նախապայմանի առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից: Ես ուզում եմ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան՝ համաձայնվեինք, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, և ես ուղիղ հարց եմ տալիս՝ մենք համաձա՞յն ենք այսպիսի լուծման: Եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Եվ այս հայտարարությունն արել եմ պատգամավոր Ուրիխանյանի հարցին ի պատասխան:

Ինչո՞ւ եմ ես այսպես դրել հարցը: Որովհետև մենք, մեր իշխանությունը, մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը – այո՛, պիտի արձանագրենք - ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Ի՞նչ հիմքեր ունեմ՝ նման պնդում անելու: Այս մասին են վկայում, սա ապացուցվում է 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած 2 հայտարարությունները:       

Այդ օրը, պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց, ավելի հստակ ասած,  այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառը  այլևսն է- Ն.Փ.) գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Մենք, ըստ էության, արդեն իսկ 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հասել էր իր կարմիր գծերին և, մի բան էլ, հատել էր այդ կարմիր գծերը:

Եվ սրա մասին է վկայում 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի՝ «Россия сегодня» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որից անում եմ հետևյալ մեջբերումը. «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու  Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայում զբաղեցված են որպես անվտանգության գոտի` այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված` ադրբեջանական 7 շրջանները, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված, թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը»: Լրագրողը հարց է տալիս. «Այսինքն՝ հանրաքվե», Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Այո՛, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»:  

Այսինքն, եկեք արձանագրենք՝ ո՞ւր ենք մենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմը ասում է՝ Ադրբեջան, յոթ շրջանները քեզ եմ վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս: Հասկանո՞ւմ եք՝ բանակցային գործընթացը հասել է մի կետ, երբ հայկական կողմը - ընդ որում, ես ասում եմ, շատ կարևոր է, որ սա իմ մեկնաբանությունը չէ – հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, վերադարձնում եմ, հանձնում եմ քեզ յոթ տարածքները, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաս: Եվ սրա մասին վկայում է Սերժ Սարգսյանի ևս մեկ հարցազրույց, որը նա տվել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ի՞նչ է նա արձանագրում՝ «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից,  և դա հասկանալի դառավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»:

Ես այս մեջբերումները արեցի՝ ցույց տալու համար, որ այն, ինչ ասել եմ պատգամավորի հարցին ի պատասխան այս ամբիոնից՝ Հայաստանի Ազգային ժողովի առաջ, ժողովրդի առաջ, դա ոչ թե իմ գնահատականն է եղել, այլ բանակցային օբյեկտիվ իրադրություն, որն ապացուցվում է բազմաթիվ փաստերով, այդ թվում՝ ձեռք բերված մեջբերումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում