Բրազիլիայում ժայռի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Բրազիլիայում զբոսաշրջիկներ տեղափոխող նավակների վրա ժայռի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Brasil-ին՝ կիրակի օրը փրկարարները հայտնաբերել են ևս երեք զոհի դի:
Որոնողական աշխատանքներին ներգրավված է 50 փրկարար և 11 ջրասուզակ։
Շաբաթ կեսօրին Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Կապիտոլիո քաղաքի մերձակայքում գտնվող ձորում չորս զբոսաշրջային նավակների վրա ժայռ է փլուզվել։ Նավերի վրա, որոնցից երկուսը խորտակվել են, այդ պահին եղել է առնվազն 34 մարդ։ Բոլոր 10 զոհերը, ըստ փրկարարների, եղել են նույն նավի վրա։
23 մարդ ստացել է թեթև կապտուկներ, ութը տարբեր ծանրության վնասվածքներով գտնվում են բուժհաստատություններում։
Մինաս Ժերայս նահանգի փրկարար ծառայության ներկայացուցիչ Պեդրո Այխարայի խոսքով՝ չի բացառվում լանդշաֆտի հետագա ոչնչացման հավանականությունը։ Միջադեպի հետաքննությանը ներգրավվել են երկրի ռազմածովային ուժերը։
Կապիտոլիոն հայտնի վայր է տեղի հանգստացողների համար: Քաղաքից ոչ հեռու կան գեղատեսիլ ձորեր, որոնցում զարգացած է ջրային տուրիզմը։ Ողբերգության կապակցությամբ քաղաքապետարանը արգելք է դրել ջրային հանգստի վրա։
Կարծիքներ