Տոկաևը հանձնարարել է ութ ամսում վերականգնել Ալմաթիում ավերված շենքերը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի կառավարությանը և տեղական իշխանություններին հանձնարարել է ութ ամսվա ընթացքում վերականգնել Ալմաթիում անկարգությունների ժամանակ ավերված շենքերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի օրը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը պետության ղեկավարին ասել է, որ Ալմաթիի հիմնական ենթակառուցվածքի վերականգնման համար կպահանջվի ութ ամիս։
Ղազախստանի նախագահը նշել է, որ Ալմաթին այն քաղաքն է, որտեղ ծնվել և սովորել է։
«Այժմ մեր առջեւ խնդիր է դրված հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել այս քաղաքը, սա, կարելի է ասել, պատվի հարց է ինձ համար՝ որպես նախագահի եւ որպես մեր պետության քաղաքացու, կասկած չունեմ, որ քաղաքը վերականգնվի, կառավարությանը հանձնարարված է ապահովել, որ քաղաքն ավելի լավ տեսք ունենա, քան նախկինում: Մենք պետք է քրտնաջան աշխատենք»,- ասել է Տոկաևը:
Աջակցություն կտրվի նաև տուժած ձեռներեցներին, նշվել է հանդիպմանը։
Կարծիքներ