Հայաստանի ամերիկյան համալսարանում կներդրվի լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել ՀԱՀ-ի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
ԿԳՄՍ նախարարը կարևոր համագործակցության մեկնարկի առիթով շնորհավորել է բոլորին՝ ընդգծելով, որ նախատեսվող ծրագրերը համահունչ են Հայաստանում առկա մարտահրավերներին ու խնդիրներին:
«Բարձրագույն կրթության բարեփոխումների ակտիվ փուլում ենք գտնվում, և առավել քան կարևոր է մեր բուհերի միջև միջազգային համագործակցության զարգացումը, նոր ծրագրերի ներդրումը, որակի նոր չափանիշների սահմանումը: Բայց հատկապես ընդգծելու արժանի է այդ կարևորությունը լրագրողական ոլորտում. մենք ապրում ենք մի ժամանակում, երբ մեդիադաշտը որոշում է շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ», - ասել է ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ մեր օրերում լրագրող լինելը չափազանց բարդ ու պատասխանատու գործ է: Նա հույս է հայտնել, որ ծրագրի մասնակիցները կդառնան այն օբյեկտիվ մասնագետները, որոնք մեր երկրում կբարձրացնեն լրագրողական դաշտի որակը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ լրագրողական կրթության որակը և բարեվարքությունը պետք լինեն այնպիսին, որ հանրությունն առաջին հերթին իրացնի տեղեկացված լինելու, վերլուծություններ ունենալու, սեփական եզրահանգումներ անելու հնարավորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այս ծրագիրն ուղենիշային կլինի նաև հայաստանյան մյուս բուհերի համար: «Այս ծրագրի պտուղներից օգտվելու են ոչ միայն ապագա ուսանողները, այլ նաև մեր հանրությունը», - ավելացրել է Ժաննա Անդրեասյանը:
Համալսարանական փոխգործակցությունը նախատեսված է 4 տարի. նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։
ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում՝ որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնելու Միացյալ Նահանգներում և կատարելագործելու իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։
«Մենք հպարտ ու երախտապարտ ենք, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ է շնորհել այս կարևոր դրամաշնորհը: Բուհի հիմնադրման օրվանից ԱՄՆ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ Ամերիկյան կրթօջախների ու բուժհաստատությունների (ASHA) ծրագրով տարբեր հարցերում աջակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանին, իսկ սա նոր ձեռքբերում է մեր երկարամյա համագործակցության տիրույթում։ Պատրաստ ենք սիրով աշխատել Վաշինգթոնի համալսարանի մեր գործընկերների հետ` կյանքի կոչելու այս նախագիծը և, ի վերջո, սկսելու լրագրողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը մեծապես շահեկան կլինի Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի համար», - ասել է Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը։
Լրագրողական գերազանցության կենտրոնը ծառայելու է որպես լրագրողական կրթության և ոլորտային հետազոտությունների, ուսուցումների, լավագույն փորձի և փորձագետների ու քաղաքականություն մշակողների հետ համագործակցության հարթակ, որն ի ցույց կդնի որակյալ լրագրողական աշխատանքի ներուժն ապատեղեկատվությանը հակազդելու ասպարեզում և կօգնի բարելավել մասնագիտական կապերը Հայաստանի լրագրողական էկոհամակարգում։ Կենտրոնը նաև կառաջարկի մասնագիտական կատարելագործման ծրագրեր ընդհանուր մեդիա համայնքին։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ մամուլի ազատությունը և կրթության կարևորագույն դերն ամուր, ժողովրդավարական և ապատեղեկատվությանը տուրք չտվող հասարակություն ձևավորելու հարցում։ Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրմամբ աջակցելու համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությանը, որն իր նպաստ է բերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման և լրագրողների նոր սերնդի կրթության գործում», - ասել է Ռաֆիկ Մանսուրը։
«Իրապես ոգևորիչ է պաշտոնապես սկսել լրագրողական կրթության ոլորտում այս նոր եզակի փոխգործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև։ Սա շրջադարձային քայլ է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին այն կնպաստի Հայաստանի լրագրողական համայնքի մասնագիտական կատարելագործմանը», - նշել է Վաշինգթոնի նահանգային համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր Լորենս Փինթաքը։
Այս ծրագրից բացի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով, որը թույլ կտա լրագրողական համայնքի անդամներին կատարելագործելու անգլերենի իմացությունը՝ մասնագիտական կարիքներից բխող դասընթացների միջոցով։
Կարծիքներ