Գործարկվել է Ազգային գրադարանի նոր կայքը
Հայաստանի ազգային գրադարանը նոր դիզայնով կայք է ստեղծել, որն արդեն գործարկվել է:
Այս մասին հայտնեց գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանը:
«Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառել ենք նաև «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ մեր հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին»,-ներկայացրեց Չիչակյանը:
Նա ընդգծեց, որ նորություններ են ներկայացնելու ոչ միայն Ազգային, այլև այլ գրադարանների մասին:
«Կայքում ներկայացնելու ենք նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը: Դա մեր գրադարանի կարևորագույն գործառույթներից է»,-եզրափակեց Սյուզան Չիչակյանը:
Կարծիքներ