Երևանում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է
Սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։
Մինչ դեպքի վայրում աշխատել էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել էին՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։
Ըստ բժիշկների՝ վերջիններս ի վիճակի չէին կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։
Կարծիքներ