Հակոբ Արշակյանը մասնակցել է «Մարդիկ եւ մեքենաները» գրքի շնորհանդեսին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեեւի եւ Իլյա Կորոբովի «Մարդիկ եւ մեքենաները» գրքի շնորհանդեսին: Կարեւորելով նման գրքի հրատարակումը եւ շնորհակալություն հայտնելով հեղինակներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ կրելով Սովետական Հայաստանի գիտական ու մշակութային արժեքները՝ մեր երկիրը պետք է զարգացնի ու կատարելագործի այդ հմտությունները:
Գրքի շնորհանդեսի ավարտից հետո Հակոբ Արշակյանն ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ շրջել է Երեւանի փողոցներով, հայ եւ արտասահմանցի հայտնի գրողների գրքեր նվիրել մեր հայրենակիցներին, զրուցել նրանց հետ:
Այնուհետեւ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավորները եղել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Օրենսդիրները գրքեր են նվիրել կենտրոնում բուժում ստացող երիտասարդներին, զրուցել նրանց հետ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել ժամանակակից սարքավորումներով համալրված նման կառույց ունենալն իրականություն դարձրած անձանց եւ առաջին հերթին՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող հայրենիքի պաշտպաններին՝ անմնացորդ նվիրումի համար:
Կարծիքներ