Ինչու կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը. ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 14-ին:
«Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար Վանաձորի քաղաքապետարանը 3 անգամ դիմել է Վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով: Առաջին անգամ դիմել է 2020 թվականի մարտի 18-ին, այնուհետև 2021 թվականի փետրվարի 1-ին, իսկ երրորդ անգամ՝ 2021 թվականի մարտի 1-ին: Դիմել են դրական եզրակացություն ստանալու համար, սակայն ամեն անգամ հանձնաժողովը տվյալ փաթեթները հետ է վերադարձրել՝ լրամշակումներ անելու առաջարկություններով, քանի որ դիմումներում եղել են թերացումներ: Երրորդ գրությամբ դիմելուց հետո քաղաքապետարանից այլևս ոչ մի արձագանք չի լինում, և քաղաքապետը՝ Մամիկոն Ասլանյանը, ինքնուրույն, իր որոշմամբ, փոխում է հողի նպատակային նշանակությունը, ինչի իրավունքը չուներ: Դա ամրագրված է ՀՀ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով»:
Թադևոսյանի խոսքով՝ այդ հողատարածքներն ի սկզբանե եղել են հասարակական խառը կառուցապատման տարածք: Այդեղ նախատեսված են եղել կառուցել, օրինակ, խանութներ, սննդի կետեր, կրպակներ, իսկ դրանց նպատակային և գործառնական նշանակությունները այդ կերպ փոխելուց հետո այդտեղ արդեն նախատեսել են կառուցել գերեզմաններ:
«Սակայն այդ փոփոխությունը ևս չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Օրինակ՝ մասնավոր գերեզմանները 3 հեկտարից պակաս տարածք չպետք է ունենան, ավելին՝ բնակելի շինություններից, դպրոցներից պետք է լինեն 300 մետր հեռավորության վրա և այլն»,- ասաց Թադևոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակը, անդրադառնալով մեկ ուրիշ դրվագի, ընդգծեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշվում են այն հողերի շրջանակը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարման ենթակա չեն: Այդ հողերի ցանկում են նաև հասարակական կանաչ տարածքները, սակայն վանաձորյան այսօրինակ տարածքներում ևս առկա են խնդրահարույց դրսևորումներ:
«Դրանք հնարավոր է վաճառել միայն մեկ պարագայում, եթե դրանց նպատակային նշանակությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ենթարկվել է փոփոխության և հաստատվել համայնքի ավագանու որոշմամբ: Հասարակական կանաչ տարածքներ են, օրինակ, այգիները, զբոսայգիները, պուրակները և այլն: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը, 2 այդպիսի հողատարածքի նպատակային նշանակություն չփոխելով, որպես սովորական հողակտոր վաճառել է Վանաձորի բնակիչներին՝ Վանաձորի քաղաքապետի որոշումով: Կազմել են նաև տեղեկանք, թե Ուսանողական փողոցի 14/1-9 և 14/1-10 հասցեներում գտնվող հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, այսինքն՝ կատարվել է նաև կեղծիք:
Կան անգամ տվյալներ նաև՝ նախապես հայտնի գնորդին ասվել է, որ աճուրդին մեկից ավելի մասնակից ունենալու՝ աճուրդի կայացումն ապահովելու նկատառումներով գնորդն այդ գործընթացում որպես մասնակից ներգրավի իր ծանոթներից մեկին»:
Ավելին, նախաքննական մարմնի տեղեկացմամբ, Վանաձորի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը քաղաքացիներից մեկը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցրել է այլ նպատակով՝ դրանցում հուղարկավորություններ են կատարել:
«2020 թվականի հունվարի 20-ին 14 գերեզմաններ են եղել այդտեղ կառուցված: Քաղաքացին այդ հողատարածքը ձեռք է բերել, հետո՝ այն նվիրաբերել իր մայրիկին: Տվյալներ են ստացվել, որ նվիրաբերողի ամուսինն է զբաղվել այդ հողատարածքների հարցերով, որը ժամանակին Լոռու մարզում եղել է բարձրաստիճան ոստիկան և մտերիմ է եղել Մամիկոն Ասլանյանի հետ: Այս գործով քաղաքապետարանը պարտավոր էր վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացուն՝ ապօրինի շինարարության համար, սակայն 14 գերեզմանատների առկայության դեպքում քաղաքապետարանն այս անձին ընդամենը մեկ անգամ է վարչական պատասխանատվության ենթարկել: Ինչից հետո ևս շարունակվել են այդ տարածքում գերեզմանատների կառուցումը»,- ասաց կոմիտեի խոսնակը:
Դիտարկմանը, որ Ասլանյանի՝ դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաղթանակ տանելուց հետո կալանավորումը խոսակցությունների տեղիք է տվել, որոշների պնդմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, Թադևոսյանը վստահեցրեց՝ ՀՀ քննչական կոմիտեն հեռու է քաղաքականությունից:
«Դեպքերից մեկը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 12-ին, իսկ քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 14-ին: Այսինքն՝ ընդամենը վերջերս են տեղի ունեցել դեպքերը: Բնականաբար, այս ուղղությամբ պետք է քննություն ընթանար, մարդիկ հարցաքննվեին, դա մեկ օրվա աշխատանք չէ, և քննչական գործողություններն իրենց սահմանված ընթացակարգով հասել ու ընդամենը համընկել են տարվա այս ժամանակահատվածի հետ, առանց որևէ քաղաքական ուղղվածությունների:
Քննիչները եղել են Վանաձորում, կատարել քննչական և դատավարական մի շարք գործողություններ: Մենք քաղաքական հարցերով չենք զբաղվում, հեռու ենք դրանից: Քննչական կոմիտեն առաջնորդում է միայն օրենքով: Եթե կան ապացույցներ, և դրանք բավարար են, ապա մենք կատարում ենք համապատասխան գործողություններ, այլ կերպ լինել չի կարող»,- վստահեցնում է Վարդան Թադևոսյանը:
Հարցին՝ նախաքննության արդյունքում այլ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ի հայտ եկե՞լ են, նա նշեց, որ այս պահին դեռևս այսքանն է, ինչպես նաև հավելեց՝ ներկա պահին ևս մեկ այլ քրեական գործ կա հարուցված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց նկատմամբ:
«Չեմ ցանկանում դեռ չակերտները շատ բացել»,- եզրափակեց խոսնակը:
Անյուտա Աթանեսյան
Հայկական ժամանակ
Կարծիքներ