Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը
Ըստ զեկուցողի՝ 2021 թ. համավարակի եւ պատերազմի ազդեցության հետեւանքների մեղմման նպատակով Կառավարության որոշմամբ նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է շուրջ 61,4 մլրդ դրամով:
Տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծման նպատակով պետական բյուջեից ուղղվել է 7,3 մլրդ դրամ: Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ, որում ներառված են նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը: Իրականացվել է Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու շուրջ 20 ծրագիր, աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանված քաղաքացիներին, վիրավորում ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:
Սոցիալական փաթեթի ապահովման ուղղությամբ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 9,4 մլրդ դրամ: Անապահով խմբերին, ինչպես նաեւ անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ ծախսվել է շուրջ 78,3 մլրդ դրամ:
Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընթացքի մեջ են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Նախորդ տարի, ըստ զեկուցողի, օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ է տրամադրվել 83.710 ընտանիքի:
Նարեկ Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելուն, խորհրդային միության տարիներին խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձին առնչվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Միասնական սոցիալական ծառայության աշխատանքներին:
Կարծիքներ