Աղքատության կրճատման «չինական մոդելը» կարող է արմատախիլ անել այն
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունն՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տեղեկատվական աջակցությամբ՝ գործարկել է «Չինաստանի ձեռքբերումը աղքատության դեմ պայքարում» առցանց ցուցահանդեսը: Այն միտված է հանրությանը ներկայացնելու աղքատությունն արմատախիլ անելու «չինական մոդելը»։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը խոսել է աղքատության կրճատման «չինական մոդելի», այդ խնդրի շուրջ միջազգային համագործակցությունների և այլ հարցերի մասին։
- Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի համար: Օրերս դեսպանատունը «Արմենպրես»-ի հետ համատեղ գործարկել է «Չինաստանի ձեռքբերումը աղքատության դեմ պայքարում» առցանց ցուցահանդեսը: Ցանկանում ենք մեր լսարանին ներկայացնեք, թե ի՞նչ առիթով է անցկացվել ցուցահանդեսը։
- Շնորհակալություն «Արմենպրեսի» ընթերցողների հետ ծանոթանալու հնարավորության համար:
Ինչպես գիտեք վերջերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը բացարձակ հաղթանակ է տարել աղքատության դեմ պայքարում։ Անցած 8 տարվա ընթացքում Չինաստանի 98,99 մլն գյուղացի ազատվել է աղքատությունից, ընդ որում 832 նահանգ և 128 հազար գյուղ հեռացվել են աղքատների ցուցակից: Ավելին, Չինաստանի 28 ազգային փոքրամասնություն, որոնց բնակչության թիվը համեմատաբար փոքր է, դուրս է բերվել աղքատությունից։ Սա իսկապես պատմության մեջ առաջին անգամն է, երբ Չինաստանին հաջողվել է վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Որպես զարգացող և բնակչության թվով ամենախոշոր երկիր, Չինաստանն աղքատության կրճատման առումով զարմանալի պատմական ցուցանիշ է գրանցել: Այդ ամենը հնարավոր է դարձել իրականացնել մի քանի տասնյակ տարվա ընթացքում գործադրված շարունակական ջանքերի ու նվիրվածության շնորհիվ։
2012 թվականի վերջից ի վեր Չինաստանում երկրի ավելի քան 10 մլն աղքատ գյուղացի ամեն տարի դուրս է բերվել աղքատությունից, կառուցվել կամ վերակառուցվել են 1,1 մլն կմ կոշտ ծածկույթով գյուղական ճանապարհներ, իրականացվել է գյուղական շրջանների կայուն էլեկտրամատակարարման ապահովում, ինչպես նաև ընդլայնվել է օպտիկամանրաթելային ինտերնետին և 4G անլար ցանցին հասանելիությունը, ինչի շնորհիվ ներկայում նախկին աղքատ գյուղերի ավելի քան 98 տոկոսն օգտվում է 4G ցանցից։ Նույն ժամանակահատվածում վերանորոգվել է մոտ 25,68 մլն անապահով բնակիչների 7,9 մլն աղքատ տնային տնտեսություն և ավելի քան 9,6 մլն մարդ տեղափոխվել է աղքատ շրջաններից։
- Պարոն դեսպան, դա պարզապես զարմանալի և հսկայական աշխատանք է։ Ո՞րն է Չինաստանում աղքատության դեմ պայքարում հաջողության գաղտնիքը։
- «Գաղտնիք» բառը չէի օգտագործի։ Աղքատության դեմ պայքարում «սեփական արյունով և քրտինքով» է Չինաստանը հաղթանակ տարել, ինչպես նաև ամբողջ չին ժողովրդի անխոնջ աշխատանքի շնորհիվ։
Աղքատության դեմ պայքարում հաջողության բանալին Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությունն է, զարգացման հայեցակարգը, մարդկային կողմնորոշում ունեցող մոտեցումը, սոցիալիստական համակարգի քաղաքական առավելությունները եւ հասցեական օգնության ռազմավարությունը:
ՉԿԿ-ի կողմից ղեկավարության պաշտպանությունը լուրջ քաղաքական և կազմակերպչական երաշխիք է տրամադրել աղքատության վերացման համար: Չինաստանը հավատարիմ է զարգացման այն հայեցակարգին, որտեղ ժողովուրդը կարևոր տեղ է զբաղեցնում և անշեղորեն գնում է բնակչության համընդհանուր բարգավաճման նպատակին հասնելու ճանապարհով: Աղքատության վերացումը, բնակչության բարեկեցության բարելավումը և ժողովրդի համընդհանուր բարգավաճման հասնելը սոցիալիզմի էական պահանջ են։ Չինաստանը օգտագործում է իր սոցիալիստական կարգի քաղաքական առավելությունները, ինչի շնորհիվ ստեղծվել է ընդհանուր կամք և համատեղ ջանքեր աղքատության վերացման համար: Ամբողջ երկիրը մոբիլիզացվել էր աղքատության դեմ պայքարում համախմբվելու շուրջ։ Աղքատ գյուղեր են ուղարկվել 255 հազար բրիգադ, ինչպես նաև ավելի քան 3 մլն կադր՝ որպես աղքատության վերացման հատուկ լիազորներ: Երկիրը վերջին 8 տարվա ընթացքում մոտ 1,6 տրիլիոն յուան (մոտ 246 մլրդ ԱՄՆ դոլար) ծավալով նպատակային միջոցներ է հատկացրել՝ աղքատության դեմ պայքարելու համար։
-Չինաստանին հաջողվել է ձևավորել աղքատության հաղթահարման մոդել, որը ներառում է տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը։ Չինաստանը պատրա՞ստ է կիսվել իր փորձով, նպաստել աղքատության դեմ պայքարի գլոբալ զարգացմանը։
- ՉԺՀ-ն աղքատության կրճատման «չինական մոդել» է ստեղծել և ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարում զգալի ներդրում է ունեցել: Չինաստանում գործող չափանիշների համաձայն՝ բարեփոխումների և բաց քաղաքականության 40 տարվա ընթացքում 770 մլն աղքատ գյուղացի դուրս է բերվել աղքատությունից, ինչը կազմել է ավելի քան 70 տոկոս աշխարհում աղքատությունից ազատված մարդկանց ընդհանուր թվից, Համաշխարհային բանկի կողմից սահմանված աղքատության միջազգային գծին համապատասխան։ Չինաստանը նախանշված ժամկետից 10 տարի շուտ կատարել է աղքատության կրճատման նպատակը, որը նախանշված է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման բնագավառում ՄԱԿ-ի օրակարգում:
ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է աղքատության կրճատման միջազգային համագործակցությանը բազմակողմ և երկկողմ ուղիներով: Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացնելու դեպքում 32 մլն մարդու հնարավոր կլինի դուրս բերել չափավոր աղքատության վիճակից, և 7.6 մլն մարդու՝ ծայրահեղ աղքատությունից:
-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք տեսնում համագործակցության հեռանկարները Հայաստանի հետ այս համատեքստում:
- Լինելով պատասխանատու տերություն, Չինաստանն աղքատության դեմ պայքարում միջոցներ է ձեռնարկում ոչ միայն իր երկրում, այլև ակտիվորեն օգնում է այլ երկրներին դուրս գալ աղքատությունից՝ մասնագետների փոխանակումների, համատեղ ուսումնասիրությունների, ինչպես նաև տեխնոլոգիական օգնության միջոցով: Ասիայում Չինաստանը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները համատեղ գործարկել են գյուղական վայրերում աղքատության կրճատման ծրագիր: Աֆրիկայում Չինաստանն օգնել է աֆրիկյան երկրներին կառուցել ջրային տնտեսության ենթակառուցվածք, ստեղծել են ցուցադրական գոտիներ գյուղատնտեսական համագործակցության համար և չին-աֆրիկյան տեխնոլոգիաներով սնկի արտադրության ծրագրեր իրականացրել։ Չինաստանը նաև Հարավային Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում իրականացրել է տեխնիկական համագործակցության ծրագրեր ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում:
Աղքատության կրճատման «չինական մոդելը» կարող է լույս սփռել ամբողջ աշխարհի վրա՝ աղքատությունն արմատախիլ անելու համար։ Դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք այս ցուցահանդեսը։ Մենք ցանկանում ենք մեր փորձով կիսվել հայ բարեկամների հետ։ «Արմենպրես»-ի աջակցության շնորհիվ մենք անցկացրինք առցանց ցուցահանդես Չինաստանում աղքատության դեմ պայքարի ձեռքբերումների վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ համատեղ կաշխատենք ձեզ հետ և կկառուցենք մեր ընդհանուր ապագան ավելի լավ։
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյան
Կարծիքներ