Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում:

Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես:

«Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է:  Մենք ցանկանում ենք խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին:

Նա կարևորեց  երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ պատրաստ են հնարավորություն ընձեռել երկու երկրների գիտելիքահեն ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ համարեց համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն: Չնայած դժվարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրախային ծրագրերով 2021-ին կխթանի այդ աճը: «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»,-ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը կարևորեց  այն տեղերը գտնելը, որտեղ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և բերել համատեղ առաջնթացի: «Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերը, որպեսզի ծանոթ լինենք միմյանց, այն ընկերություններին, որոնք գործում են մեր երկրներում և գտնենք այն կետերը, որտեղ այդ ընկերությունները կարող են համագործակցել»,-նշեց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, տարբեր հարթակներում համագործակցությունը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: «Մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը: Բայց նոր ջանքեր պետք է գործադրենք չօգտագործված հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ համատեքստում այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրանի գործարարներին հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալ միմյանց ներդրումային հնարավորություններին  և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանը»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների, գիտության և ինովացիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, քանի որ այս ոլորտներն են կանխատեսելու ամբողջ մարդկության ապագան:

Ցուցահանդեսում ներկայացվեցին Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում