Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը:
Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:
Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած մարտահրավերներին՝ սոցիալական խնդիրներ, կյանքի իրավունքի ապահովում, և հավելել, որ համավարակի, պատերազմի և տեղահանության ազդեցությունն իրենց վրա կրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն այսւոհետ «կարմիր թելի» նման պետք է անցնեն նախատեսվող պետական սոցիալական բոլոր ծրագրերում:
Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն իր հերթին նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրել է ՊՈԱԿ-ի կատարած մեկ տարվա աշխատանքները՝ ընդգծելով, որ, պայմանավորված նախորդ տարվա մարտահրավերներով, զարգացման բոլոր ծրագրերը վերափոխվել են հումանիտար ուղղվածության:
Այնուհետև, Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Քրեական և Քրեական դատավարության ընդունված նոր օրենսգրքերի՝ քննչական և դատավարական գործողություններում կատարված փոփոխությունները, որտեղ էականորեն լավարկվել է անչափահասների իրավունքների պաշտպանությունը:
Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան միջգերատեսչական Խորհրդի նիստի մասնակիցների միջև:
Կարծիքներ