Սոցփաթեթի գումարի ծախսման ուղղությունները կընդլայնվեն. շահառուները կօգտվեն լողավազաններից, մարզասրահներից
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ:
Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:
Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- ասաց նա:
«Հայաստան»-ից Թադևոս Ավետիսյանը պնդեց՝ այնպես չէ, որ իրենց մոտեցումը միանշանակ հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին: «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց ներկայացնել սոցփաթեթի հիմնական նպատակը:
Փոխնախարարի խոսքով՝ սոցփաթեթի նպատակն է պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնելը և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնելը: Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, օրինակ՝ սոցփաթեթի գումարն ընդհանրապես բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու ուղղությունը: Սարգսյանը տեղեկացրեց, որ օրինակ սոցփաթեթի 60 տոկոսը շահառուներն ուղղում են հանգստին, այլ ոչ թե հիփոթեքային վարկի մարմանը: Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ նա ընդունեց, որ առաջարկը սոցիալական է, բայց ասաց. «Համադրելով այդ ամենը և խուսափելով բուն նպատակից շեղվելուց, կարծում ենք, որ դա անընդունելի է»:
Իր ելույթում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ինքը հատկապես կարևորում է բնակարանային վարձի հատուցման իրենց առաջարկը: «Երբ հիմնական զեկուցողն ասում է, որ չկա բնակարան, որի վարձը կարելի է 72 հազարով տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ, որ չկա հիփոթեքային վարկի ամսական վճար, որը 6 հազար դրամ է կազմում»,- ասաց պատգամավորը:
ՔՊ-ից Բաբկեն Թունյանը սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու «Հայաստան»-ի առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել և դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա:
«Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:
Կարծիքներ