Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Մկրտչյան

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Մկրտչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ԿԸՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է ընտրացուցակների վերաբերյալ 319 զանգ: Դրանցից 309-ը եղել են տեղեկատվական բնույթի:

«4 զանգ վերաբերել է ընտրացուցակներում առկա անճշտություններին: Դրանց վերաբերյալ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, և անճշտությունները վերացվել են»,- ասաց Մկրտչյանը:

Նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանության կողմից ԶԼՄ-ների կողմից արվել են հայտարարություններ՝ ընտրացուցակներում անճշտությունների դեպքում դիմելու կարգի, ընթացակարգերի վերաբերյալ:

«Փորձը ցույց է տվել, որ բոլոր ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում, քննարկվում, նաև որոշ դեպքերում շահարկվում է մահացած մարդկանց տվյալների առկայությունը: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից մահվան հիմքով հանվում է սահմանված կարգով մահն իրավասու մարմնում գրանցելու դեպքում: Շատ են դեպքերը, երբ անձի մահվան տեղեկատվությունը հասու չի լինում իրավասու մարմին: Օրինակ՝ երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում»,-ասաց Մկրտչյանը:

Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմինների կողմից: Նրանք հանվել են ընտրողների ցուցակներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում