Կեղծ գնահատականով հաջորդ դասարան տեղափոխելը խաբկանք է երեխայի հանդեպ
Հանրակրթական դպրոցներում առաջիկայում մի շարք փոփոխություններ են սպասվում: Գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու և ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ շուտով փոփոխություններ են նախատեսվում։
Այդ փոփոխություններից մեկով՝ վատ սովորողներն այլևս նույն դասարանում չեն մնա: Այսուհետ չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանմամբ՝ աշակերտին նույն դասարանում թողնելու դեպքում պիտակավորում են նրան, ամրապնդում այն զգացողությունը, որ չի կարող սովորելով հաջողությունների հասնել։ Փոխնախարարը նշել էր, թե փորձը ցույց է տալիս, որ միևնույն դասարանում մնալով՝ աշակերտը, որպես կանոն, չի սկսում ավելի լավ սովորել:
Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանը համակարծիք է փոխնախարարի հետ: Վատ սովորող աշակերտին նույն դասարանում չթողնելու քայլը դրական է գնահատում, իսկ մոտեցումը՝ մանկավարժական տեսանկյունից հումանիստական որակում: Նրա համոզմամբ՝ վատ սովորող աշակերտ չկա, կա վատ սովորեցնող ուսուցիչ:
«Ըստ էության, եթե մենք խթանում ենք ուսուցիչների աշակերտների նկատմամբ անհատական մոտեցումը, ցանկացած աշակերտի կարելի է սովորեցնել նույնիսկ գնահատել իր կարողությունների սահմաններում: Ամեն երեխայի համար 1-10 բալանոց գնահատման սանդղակում կարելի է իր գնահատման չափանիշը սահմանել, ոչ թե ընդհանուր չափանիշ: Պետք է յուրաքանչյուր երեխայի համար անհատական չափանիշներ սահմանել և այդ շրջանակում գնահատել»,- FreeNews-ի հետ զրույցում նշեց փորձագետը:
Մանկավարժը ճիշտ է համարում, որ երեխան չպետք է մնա նույն դասարանում: Նկատում է՝ եթե երեխայի մոտ սովորելու ցանկություն կա, պետք է ուսուցիչն անհատական մոտեցում ցույց տա: Ուսման ցածր առաջադիմություն ունեցող աշակերտի հետ անհատական աշխատանքի արդյունքում, երեխան նույն դասարանում չի մնա:
«Եթե երեխայի հետ անհատական չաշխատեցին, միևնույն է, ոչ մի արդյունքի չեն հասնի: Եթե աշակերտին կեղծ գնահատականով տեղափոխեցին հաջորդ դասարան, դա էլ ողջունելի երևույթ չէ: Եթե ուսման վատ առաջադիմություն ունեցող աշակերտի հետ առանց անհատական աշխատանքներ տանելու տեղափոխում են հաջորդ դասարան, դա խաբեություն է երեխայի հանդեպ»,-նշեց Արմինե Դավթյանը:
Կրթության ոլորտում մեկ այլ հեղափոխական փոփոխությունն էլ ունենք: 1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։
Սյսպիսով, անբավարար գնահատական հասկացությունն ամբողջովին դուրս կգա:
Այս հարցում, սակայն, մանկավարժ- հոգեբանի կարծիքը մի փոքր այլ է: Նրա խոսքով՝ անհնար է առանց գնահատման մոդելի: Պնդում է՝ պետք է աշակերտի առաջադիմությունը որևէ մեթոդով չափելի լինի:
«Գնահատման տարբեր ձևեր կան: Եթե միավորային գնահատումը հանվում է, դա պետք է փոխարինենք մեկ այլ գնահատման ձևով, օրինակ, աստղիկ են տալիս կամ խրախուսման այլ սիմվոլ: Դա էլ է գնահատում: Գնահատումն ինքը հոգեբանական գործոն է: Յուրքանչյուր անձ, երբ ինչ-որ բան է անում, այդ արածի սոցիալական նշանակությունը չափելու համար օգտագործում են գնահատումը: Եթե հանում ես միավորային գնահատումը, դա չի նշանակում, որ դու չպետք է գնահատես այլ ձևաչափով: Պետք է գնահատվի երեխան, որպեսզի իմանա, թե ինչ չափով է աշխատել մյուսի համեմատությամբ, որքանով է տարբեր՝ ավել կամ պակաս»,-նկատեց մեր զրուցակիցը:
Իսկ մյուս փոփոխությամբ՝ սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային հարաբերակցությունը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձևավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով։
Առաջարկվում է նաև հրաժարվել հոսքային ուսուցումից։ Դրա փոխարեն աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները, այսինքն՝ ձևավորել իր դասացուցակը։
Կներդրվի մոդուլային ուսուցման գաղափարը․ աշակերտները, սպորտի կամ որևէ արվեստի բնագավառի դասերին հաճախելով՝ կրեդիտներ կհավաքեն և դրանք կկարողանան ներկայացնել դպրոց։
Լավ նորություն կա դպրոցականների, հատկապես 3-4-րդ դասարանցիների համար։ Առաջարկվում է կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը։
Մանկավարժներն էլ կարող են կամավոր ատեստավորման միջոցով բարձր աշխատավարձ ստանալ:
Կարծիքներ