Թրամփը հայտարարել է, որ իրեն քննադատող լրատվամիջոցները, «գուցե», պետք է զրկվեն լիցենզիայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ որոշ լրատվամիջոցներ պետք է զրկվեն իրենց լիցենզիաներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս հարցին անդրադարձել է նախագահական ինքնաթիռում Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է BBC-ն։
«Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ լրատվական ցանցերը 97%-ով դեմ էին ինձ, 97%-ով բացասաբար էին տրամադրված, այնուամենայնիվ, ես հաղթեցի (ընտրություններում) և հեշտությամբ», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ լրատվամիջոցներն իրեն միայն բացասական լույսի ներքո են ներկայացնում։
«Նրանք լիցենզիա են ստանում։ Մտածում եմ, գուցե, նրանց լիցենզիան պետք է հետ վերցվի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ նրա վերջին հաղորդումներից մեկի ժամանակ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ Քիմմելը տեսակետ էր հայտնել, թե Քըրքի սպանության կասկածյալը կարող է Թրամփի աջակիցներից մեկը լինել։
Հաղորդման հեռարձակման դադարեցումը մեծ քննադատության է առաջացել ԱՄՆ-ում՝ մտահոգություններ առաջացնելով գործող վարչակազմի քննադատների խոսքի ազատության առնչությամբ։
Կարծիքներ