Բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» ցուցադրությունը և ազդարարվել Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» ցուցադրությունը և ազդարարվել Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը: 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ներկայացված են Գաբրիել Սունդուկյանի անձնական իրերը, որոնք թանգարանի հավաքածուի մաս են կազմում։ Հայ մեծ դրամատուրգի ծննդյան 200-ամյակին նվիրված այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ սունդուկյանական աշխարհին, ինչպես նաև զգալ ժամանակի շունչը։ Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։

Մինչ ցուցադրության մեկնարկը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ճեպազրույցով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն անդրադարձել է Մայր թատրոնի վերջին շրջանի ձեռքբերումներին՝ առանձնացնելով Պաննո արվեստի տան բացումը, որը նոր հարթակ է արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործող անձանց համար: Դանիել Դանիելյանը կարևորել է նաև այն ծրագրերը, որոնք իրականացվել են համագործակցության շրջանակում՝ նշելով, որ մշակութային տարբեր կառույցների փոխգործակցությամբ ընդլայնվում է նաև հանդիսատեսի և այցելուների շրջանակը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կրթության բաղադրիչին և խոսել թատրոնի ստուդիայի մասին. «Անչափ կարևոր է, որ մեր երիտասարդ սերունդը կրթվի Մայր թատրոնի միջավայրում՝ շփվելով հայ թատերարվեստում մեծ ավանդ ու ներդրում ունեցող մարդկանց հետ»։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է թատրոնի 2025-2026 թվականների խաղաշրջանի նորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նոյեմբերին կայանալիք Երևանյան միջազգային թատերական փառատոնին, որի ընթացքում Հայաստան կժամանեն թատերախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից և այլ երկրներից։ Հաջորդ նորությունը Մայր թատրոնի թատերական ստուդիայի նոր կուրսի հավաքագրման մեկնարկն է։

Թատրոնի տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության կողմից շուրջ 80 մլն դրամ արժողությամբ տեխնիկական վերազինման համար։ Ներկայացնելով նաև սպասվող պրեմիերաները՝ Վարդան Մկրտչյանը նշել է. «Դեկտեմբերին տեղի կունենա «Երկնագույն նետի ճամփորդությունը» (ըստ Ջաննի Ռոդարիի) մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան, իսկ գարնանը սպասվում է մեծ առաջնախաղ՝ Մայր թատրոնի բեմ կբարձրանա շեքսպիրյան «Լիր արքան»»։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոսել է այն մեծ ավանդի մասին, որն ունի Գաբրիել Սունդուկյանն ինչպես հայ գրականության, այնպես էլ հայ թատերարվեստի պատմության և զարգացման գործում։ «Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկան»,- ասել է նա՝ արժևորելով Սունդուկյանի գրական ժառանգությունը և դրանում բարձրացված խնդիրները:

Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը լրագրողներին և հյուրերին ամփոփ ներկայացրել է Գաբրիել Սունդուկյանի անցած ուղին, նրա դերը հայ գրականության մեջ, ինչպես նաև գրողի թարգմանչական գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում