Կառավարությունը հավանություն տվեց կրթական համակարգի բարելավմանն ուղղված նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց կրթական համակարգի բարելավմանն ուղղված նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց   «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը:

Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օրենքի լրացումները և փոփոխությունները ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել գործիքակազմեր:

«Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ընդլայնել զարգացման հնարավորությունները, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: Մասնավորապես` համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը` այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին` տարակարգերի շնորհման միջոցով:

Նաև կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը` հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով մասնագիտական չափորոշիչներից բխող պատրաստումներին: Հնարավորություն կստեղծվի իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում` գիտելիքների ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը»,- ասաց Դումանյանը:

Ըստ Դումանյանի` նախագծի իրագործմամբ դպրոցները մանկավարժական ինքնավարության հնարավորություն կստանան: