Գիտնականները Ստեղծել Են Բիոնիկ Աչք, Որը Գրեթե Չի Տարբերվում Իրական Աչքից

Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ստեղծել են բիոնիկ աչք, որն ընդօրինակում է մարդու աչքի կառուցվածքը և լույսի նկատմամբ գրեթե նույնքան զգայուն է, որքան իրական աչքը։ Գիտնականների կարծիքով այս տեխնոլոգիան ապագայում կօգտագործվի պրոթեզներ, մարդոիդ ռոբոտների ստեղծելու համար։ Ինչպես նշում են շատ մասնագետներ, նման տեխնոլոգիաները ևս մեկ քայլով մարդկությանը մոտեցնում են կիբօրգների (կիբերնետիկական օրգանիզմ) կամ այլ կերպ ասած՝ մեքենա-մարդ հիբրիդի ի հայտ գալուն։
Սարքն արդեն անցել է համապատասխան փորձարկումները և իրեն դրսևորել է ոչ միայն մարդու աչքի հետ հավասար, այլև՝ որոշակի դեպքերում ավելի լավ: Ըստ էության, այս սարքը եռաչափ արհեստական ցանցաթաղանթ է, որն ունի չափազանց լուսազգայուն նանոհաղորդիչների շատ խիտ զանգված:
Ուղեղի տեսողական կեղևն ընդօրինակող լարերը փոխանցում են այս տվիչների հավաքած տեսողական տեղեկատվությունը համակարգչին՝ մշակման համար: Իսկ նանոլարերն այնքան զգայուն են, որ կարող են գերազանցել մարդու աչքի օպտիկական ալիքի երկարության տիրույթը։
Գիտնականները պնդում են, որ աչքը կարող է ավելի արագ արձագանքել լույսի փոփոխություններին, քան մարդու աչքը՝ թույլ տալով դրան ավելի կարճ ժամանակում հարմարվել փոփոխվող պայմաններին:
Արհեստական աչքն ավելի արագ է ընկալում լուսավորության փոփոխությունները՝ 30-40 միլիվայրկյանում, մարդու աչքին դրա համար անհրաժեշտ է 40-150 միլիվայրկյան։
Արհեստական ցանցաթաղանթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը կարող է տեղավորել մոտ 460 մլն լուսային ընկալիչներ: Համեմատության համար նշենք, որ իրական աչքը 1 քառակուսի սանտիմետր մակերեսի վրա ունի մոտ 10 մլն ընկալիչ։
Սակայն տեսադաշտի հարցում մարդկային աչքը պահպանում է իր առավելությունը, քանի որ թույլ է տալիս մարդուն տեսնել 150 աստիճանի տիրույթում, մինչդեռ արհեստական աչքի համար այդ տիրույթը կազմում է ընդամենը 100 աստիճան։
Այժմ գիտնականները շարունակում են ուսումնասիրություններն ու փորձարկումները՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր բիոնիկ աչքը ինտեգրել մարդու տեսողական համակարգ:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Կարծիքներ