«Պատերի տակ գյուլլելու» մասին Գալստանյանի խոսքը թմրամիջոց իրացնողներին չի վերաբերում. ՔԿ-ն հերքում է պահանջում

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ Քննչական կոմիտեն «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունից պահանջում է հերքում:
«Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, օգտվելով այն հանգամանքից, որ հրապարակվել են «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչների կողմից ահաբեկչություն և իշխանությունը զավթելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ արձանագրված խոսակցությունների առանձին հատվածները, հրապարակման առաջին իսկ օրվանից չհիմնավորված տեղեկություններ են տարածում խոսակցությունները մոնտաժելու, «բառերն իրար կպցնելու» միջոցով նախադասություններ ձևակերպելու, զրույցը համատեքստից կտրված ներկայացնելու, ամբողջ խոսակցությունները արհեստական բանականության միջոցներով ստացած լինելու վերաբերյալ:
Մասնավորապես «Հրապարակ» օրաթերթն այսօր առավոտյան՝ ժամը 08:15-ին, տարածած հրապարակման մեջ պնդել է, թե իբր «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ Վազգեն Գալստանյանի զրույցը վերաբերում է թմրամիջոց իրացնողներին:
Պաշտոնապես պարզաբանում ենք, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չկա:
Միաժամանակ կոչ ենք անում պահպանել մասնագիտական էթիկան, զերծ մնալ քաղաքական կամ այլ նպատակներով կեղծ տեղեկություններ տարածելուց, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների վերաբերյալ չճշտված կամ ակնհայտ կեղծ տվյալներ տարածելուց՝ նկատի ունենալով, որ դատական վարույթի ընթացքում բոլորը հնարավորություն են ունենալու ներկա գտնվել բոլոր ապացույցների, այդ թվում՝ մանիպուլյատիվ հայտարարություններով կասկածի տակ դրվող ձայնագրությունների հետազոտմանը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ՝ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում:
Ստորև՝ «Պատերի տակ գյուլլելու» մասին ձայնագրությունը:
Կարծիքներ