COVID-19-ի ախտանիշները պահպանվում են մի քանի ամիս
Հիվանդների ավելի քան 70 տոկոսի դեպքում COVID-19-ի ախտանիշները պահպանվում են մոտ վեց ամիս: Այս մասին ասվում է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության մեջ:
Գիտնականները վերլուծել են 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մարտ հրապարակված 45 տարբեր հետազոտությունների արդյունքները և պարզել, որ ամենից հաճախ հիվանդները հայտնում են հեւոցի, հոգնածության եւ քնի խանգարումների մասին: Ընդհանուր առմամբ, փորձագետները հայտնաբերել են 84 տարբեր ախտանիշներ, այդ թվում՝ համի եւ հոտի կորուստ, դեպրեսիա, անհանգստություն, կրծքավանդակի ցավ եւ ջերմություն, ինչպես նաեւ՝ ճանաչողական խանգարումներ, ինչպիսիք են հիշողության կորուստը եւ կենտրոնանալու հետ կապված դժվարությունը:
Ինչպես պարզվել է, ախտորոշումից վեց ամիս անց հիվանդների 72.5 տոկոսը բողոքում էր առնվազն մեկ կայուն ախտանիշից: Դա կարող է նշանակել, որ հիվանդությունը ազդել է օրգանիզմի տարբեր համակարգերի վրա՝ սրտանոթային, շնչառական, նյարդային, մկանային եւ իմունային:
Շատ դեպքերում հիվանդները բողոքում էին հոգնածությունից, հետազոտության մասնակիցների մոտ 40 տոկոսը նշում էր այս ախտանիշը, շնչառության պակասը (36 տոկոս) եւ քնի խանգարումը (29 տոկոս): Կենտրոնանալ չկարողանալը, դեպրեսիան, անհանգստությունը, ընդհանուր ցավը եւ անհարմարավետությունը սովորական էին: Որոշ հիվանդներ վերականգնումից ամիսներ անց այդպես էլ չեն վերականգնել հոտառությունը կամ համը:
Կարծիքներ