Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին․ Կատրին Կոլոնա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց երկիրը բախվում է։ Կատրին Կոլոնան ընդգծում է՝ Ֆրանսիայի համար պատիվ է լինել այն երկրների շարքում, որոնք Հայաստանի կողքին են՝ աջակցելու նրան առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծեց, որ հիմնական խնդիրը, որի մասին խոսել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, խաղաղության բանակցություններն են Ադրբեջանի հետ։ «Երկար խոսել ենք տարածաշրջանային իրավիճակի մասին։ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Ֆրանսիան դա մենակ չի անում, անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ՝ բնականաբար կապ պահելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։ Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է և հաճախ՝ երկար։ Ես ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում, որ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի համար։ Մենք բոլորին քաջալերում ենք այդ ճանապարհի վրա կանգնել։ Արդար և կայուն խաղաղություն նշանակում է խաղաղություն, որը հիմնված է միջազգային իրավունքի հարգանքի վրա։ Պրահայում Ֆրանսիայի նախագահը և Եվրոպայի խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունն են ճանաչում։ Կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել այս նվաճումը՝ գուցե, առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Միևնույն ժամանակ, Կոլոնան շեշտեց, որ կարևոր է հարգանքը տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ՝ այդ համատեքստում մատնանշելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում առաջխաղացման անընդունելի լինելը։ «Հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ նշանակում է զերծ մնալ ցանկացած ուժային գործողությունից։ Ես դա ասել եմ նաև Բաքվում»,- ասաց նա։
Արձանագրելով Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման փաստը՝ Կոլոնան ընդգծեց՝ չեն կարող թույլ տալ, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը չհարգվի։ Նա հավելեց, որ նույնն էին ասելու այն պարագայում, եթե, օրինակ, հայկական զինված ուժերն առաջխաղացում ունենային Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Կարծիքներ