Անկախ, ինքնիշխան Հայաստանը և խաղաղությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են. Լիտվայի վարչապետ
Լիտվայի վարչապետները Հարավային Կովկասում բազմիցս են եղել, բայց ձեր գեղեցիկ երկրում մինչ օրս չեն եղել: Ուստի հպարտ եմ, որ ես և վարչապետ Փաշինյանը կարողացանք շտկել այս անարդարությունը։
Այս մասին ասաց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո իր հայտարարությունում:
«Հպարտ եմ, որ Լիտվան առաջինն պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, և ուրախ եմ որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Հայաստանի կառավարության հանձնառությանը:
Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ԼՂ-ի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին: Թեպետ դա չի ամոքի ցավը, բայց հույս ունեմ, որ կօգնի հոգալ նրանց բոլոր ամենահրատապ կարիքների մի մասը»,- ասաց Շիմոնիտեն:
Իր խոսքում Լիտվայի վարչապետը բարձր գնահատեց ՀՀ կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցությունը՝ դրան միջնորդելուն ուղղված ԵՄ և ԱՄՆ-ի ջանքերին:
«Ես հույս ու հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հասնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկեցինք անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: Վերահաստատեցի իմ խորին համոզմունքն առ այն, որ այժմ, ավելի քան երբևէ, ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ:
Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու ՀՀ-ում ԵՄ-ի ներկայության ավելացում, նաև այն, որ Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը»,- ասաց Լիտվայի վարչապետը:
ԵՄ-ը մնում է ՀՀ հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել փորձագիտական աջակցությունը ԵՄ-ՀՀ համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին: Հանդիպման ժամանակ, ըստ Լիտվայի վարչապետի, քննարկել են թե ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր և այլ բարեփոխումներ:
«Համոզված եմ, որ բարեփոխումների գործընթացում ՀՀ հաջողությունը կօգնի ամրապնդել ՀՀ ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում. բայց, որ ամենակարևորն է, դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նրանք իսկապես արժանի են:
Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունը և կայունությանը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատել միասին»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ