Պատգամավորը հայտնեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար վերջին 5 տարում քանի քաղաքացի է դիմել
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար 5 տարիների կտրվածքով որքան քաղաքացիներ են դիմել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացմանը:
Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք գնահատական, թե նախագծի ընդունումից հետո օրինակ 5 տարվա կտրվածքով քաղաքացիների կողմից օրինական կարգով ձեռք բերվող թույլատրելի զինատեսակների թվի ա՞ճ, թե՞ նվազում կլինի:
Գաբրիելյանը ներկայացրեց, թե վերջին 5 տարվա տվյալներով որքան քաղաքացի է դիմել՝ թույլտվություն ստանալու համար՝ ըստ զենքի տեսակների: «Ողորկափող՝ 1543՝ 2017 թվականին, 2018-ին ՝ 1663, 2019-ին՝ 750, 2020-ին՝ 3615, 2021-ին՝ 2450: Համապատասխանաբար ակոսափողը՝ 2017-ին՝ 351, 2018-ին՝ 632, 2019-ին՝ 449, 2020-ին՝ 354, 2021-ին՝ 692»,-ասաց Գաբրիելյանը:
Իսկ, թե ավելացում կլինի՞, թե ոչ, նա պատասխանեց՝ իրենց գնահատմամբ ավելացում լինելու է: «Այո, որոշակի ռիսկ կա: Բայց, քանի որ ներդրվում է քննական կարգը, ենթադրվում է, որ բուժզննումները պետք է լինեն շատ ավելի պատշաճ մակարդակի, այդ ռիսկը դարձնում ենք մաքսիմալ վերահսկելի»,-ասաց նա:
Զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծն առաջարկում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում․ միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։
Կարծիքներ