Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։

Հաշվի առնելով գագաթաժողովի՝ «Նորարար տեխնոլոգիաներ և ստեղծարարություն» խորագիրը, Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը 3D սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով ընդգծվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը՝ իբրև եզակի կրթական և նորարարական կազմակերպություն, որն իր գործունեությունն է ծավալում նաև Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ ինովացիոն աշխարհում խորհրդանշելով Հայաստանի և ֆրանկոֆոն համայնքի միջև համագործակցության ոգին:

Այս եզակի՝ 3D սկանավորված ժառանգության ցուցահանդեսը՝ 3D, touchscreen և VR կրիչներով ու ձևաչափերով, ծանոթացնում է «Թումո»-ի ուսանողների ստեղծած 3D սկանավորված մոդելների շարքին՝ թվային վերակառուցումներով և սկանավորման գործընթացի կենդանի ցուցադրումներով առ այն, թե ինչպես է տեխնոլոգիան մանրամասնում առարկաները և վերականգնում ճարտարապետությունը։ Տեսանյութը ներկայացվում է հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

 

Գագաթաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի ավանի Salle 200 համերգասրահում ֆրանսահայ «Երազ» համույթը կցուցադրի հատվածներ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումից: Տաղավարում ցուցադրվել է նաև Ազնավուրին նվիրված ֆրանսահայ նկարիչ Ռոժե Կասպարյանի ֆոտոցուցահանդեսը:

Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավարը ձևավորված է թեմատիկ պաստառներով, հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով: Տաղավարի հյուրերը հնարավորություն ունեն նաև համտեսելու հայկական քաղցրավենիքներ: Հայաստանի տաղավարի նախագիծը մշակվել է Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում