Ծիր Կաթինի կենտրոնում առեղծվածային պաշտպանիչ պատնեշ է հայտնաբերվել
Նոր հետազոտությունների համաձայն` Ծիր Կաթինի կենտրոնը կարող է նույնիսկ ավելի տարօրինակ լինել, քան աստղագետները նախկինում կարծում էին, գրում է universemagazine.com-ը:
Նանկինում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մի խումբ հետազոտողներն ուսումնասիրել են ռադիոակտիվ գամմա ճառագայթների քարտեզը: Քարտեզը ցույց է տվել, որ գալակտիկայի կենտրոնին մոտ ինչ-որ բան արագացնում է մասնիկները մինչեւ լուսայինին շատ մոտ արագություններ եւ բազմաթիվ տիեզերական եւ գամմա ճառագայթներ է ստեղծում անմիջապես գալակտիկական կենտրոնից դուրս:
Սակայն տարօրինակություններն այսքանով չեն ավարտվում: Չնայած նրան, որ Գալակտիկայի կենտրոնը բարձր էներգիայի ճառագայթում է արձակում տիեզերք, Ծիր Կաթինի միջուկին մոտ գտնվող ինչ-որ բան խանգարում է տիեզերքի այլ մասերից տիեզերական ճառագայթների մեծ մասի ներթափանցմանը: Իրենց հայտնագործության մասին հայտարարել են մի խումբ գիտնականներ Nature Communications ամսագրում լույս տեսած հրապարակման մեջ:
Օգտագործելով Fermi Large Area աստղադիտակի տվյալները՝ թիմը հաստատել է, որ գալակտիկայի կենտրոնում ինչ-որ բան իսկապես որպես հսկա մասնիկների արագացուցիչ է գործում՝ տիեզերական ճառագայթներ արձակելով գալակտիկա: Հնարավոր «մեղավորն» A* աղեղնավորն է, քանի որ սեւ խոռոչները տեսականորեն կարող են որոշակի մասնիկներ արձակել տիեզերք, նույնիսկ եթե դրանք կուլ են տալիս իրենց շրջապատող ամեն ինչ: Հնարավոր է նաեւ, որ դրանց աղբյուրը կարող է հնագույն գերնոր աստղերի մնացորդները լինել կամ նույնիսկ` ուժեղ աստղային քամիները բազմաթիվ աստղերից, որոնք կոմպակտ կերպով տեղակայված են Գալակտիկայի կենտրոնում:
Սակայն քարտեզը ցույց է տվել նաեւ խորհրդավոր «անտեսանելի պատնեշը», որտեղ տիեզերական ճառագայթների խտությունը զգալիորեն նվազում է գալակտիկական կենտրոնի եզրին: Այն ամբողջությամբ ծածկում է գալակտիկական կենտրոնը եւ այնտեղ տիեզերական ճառագայթներ պահում, որոնց խտությունը շատ ավելի ցածր է, քան մեր գալակտիկայի մնացած մասերում: Այլ կերպ ասած՝ տիեզերական ճառագայթները կարող են փախնել Գալակտիկայի կենտրոնից, բայց նրանց համար դժվար է հայտնվել ներսում։ Այս երեւույթի աղբյուրն ավելի դժվար է պարզել, ասում են հետազոտողները, բայց դա կարող է կապված լինել մեր գալակտիկայի խիտ միջուկի մոտ մագնիսական դաշտերի անկարգության հետ:
Թե ինչպես է գործում այս տիեզերական պատնեշը եւ ինչու այն գոյություն ունի, առեղծված է մնում:
Կարծիքներ