Տիգրան Ավինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ
Փետրվարի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:
Փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով: Նկատի ունենալով Դմիտրի Մարիյասինի անձնական ներդրումը այդ ձեռքբերումներում՝ Տիգրան Ավինյանը նրան հաջողություններ է մաղթել նոր աշխատանքում:
Դմիտրի Մարիյասինը ներկայացրել է նախորդ տարիներին իրականացված ծրագրերի ընթացիկ վիճակն ու արդյունքները: Նա նշել է, որ ցավով է հրաժեշտ տալիս Հայաստանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանի հետ իր կապը պահպանվելու է, իսկ համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում հնարավոր է լինելու շարունակել:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ ՄԱԶԾ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքներում իրականացվող ծրագրերին՝ ելակետում ունենալով համայնքների տեղական կարիքները հաշվի առնելու ու տարածքային համաչափ զարգացման սկզբունքները: Նկատի ունենալով համայնքներում քաղաքային միջավայրի զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել է նաեւ զբաղմունքի ու ժամանցի համայնքային կենտրոնների ստեղծման հարցը, որի հայեցակարգային մշակումը Կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի կարեւոր բաղադրիչներից է: Օրակարգում են եղել նաեւ կլիմայի, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերն եւ դրանց լուծմանը միտված ծրագրերը:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրը՝ որպես դրա հիմնական նպատակ նշելով տնտեսության վերականգնումը: Փոխվարչապետը մատնանշել է այն ուղղությունները, որոնք պետք է վերափոխվեն առկա պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ առանձնացրել այն ոլորտները, որոնք նոր են եւ կարող են հետաքրքիր լինել ներդրողների համար՝ նպաստելով բիզնես միջավայրի ընդլայնմանը: Նա անդրադարձել է նաեւ այս բնագավառում կառավարության քաղաքականությանը, այդ թվում՝ բիզնեսին վերաբերող աջակցության ծրագրերին:
Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավորությունները՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ՝ տեխնոլոգիական զարգացում, ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ օգտագործում, համայնքներում քաղաքային միջավայրի ձեւավորում, հակակոռուպցիոն քաղաքականություն եւ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Փոխվարչապետը արտահայտել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը վերոնշյալ ոլորտներում տարվող քաղաքականությանը նոր թափ հաղորդելու հարցում՝ նկատի ունենալով, որ այն դրական ուղերձ է պարունակում առ միջազգային գործընկերներ, ինչպես նաեւ կարեւոր պայման է ամուր պետություն կառուցելու համար:
Կարծիքներ