Ինչ թիրախ է սահմանել պետությունը՝ ներդնելով 3-րդ և հաջորդ երեխային ամսական նպաստ տալու ծրագիրը

Ինչ թիրախ է սահմանել պետությունը՝ ներդնելով 3-րդ և հաջորդ երեխային ամսական նպաստ տալու ծրագիրը

 Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է ներդրել՝ միտված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը. հունվարի 1-ից ընտանիքում նոր ծնված 3-րդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև 6 տարեկան դառնալը:  Որոշումը վերջերս ընդունվել է Կառավարության նիստում։ Այն տարածվելու է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվող երեխաների վրա: 

«4 տարի հետո կվերլուծենք ծրագրի արդյունավետությունը և կորոշվի՝ արդյոք  նպատակահարմար է այն իրականացնել, թե պետք է ուրիշ գործիքակազմ կիրառել»,-  նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների պետ Անահիտ Գալստյանը։

Գալստյանը շեշտում է՝ նպատակը մեր երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է, ծնելիության խթանումը։ Նա նշում է, որ վերլուծություններ կկատարվեն պարզելու՝ որքանով է միջոցառումը նպաստում ծնելիության բարձրացմանը: Եթե այն նպատակին չծառայի, կմտածեն գումարները խնդրի լուծմանն այլ կերպ ծառայեցնելու մասին: 

«Երբ քաղաքականությունը ներդրվում է, նաև թիրախն է սահմանվում։ Վերջին մի քանի տարում երեք և ավելի երեխաների ծնվելու դեպքերի տարեկան 5 տոկոս աճ է գրանցվել. արդեն իսկ 5 տոկոս աճ բնականոն ընթացքով սահմանվել է։ Մենք նախատեսում ենք միջոցառման կիրառման ընթացքում միջին աճը հասցնել 8 տոկոսի»,- ընդգծում է նա։

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի՝ «փարոս»-ի հետ ծրագիրը կապ չունի, վստահեցնում է Անահիտ Գալստյանը։ Նա ընդգծում է՝ ընտանիքներին կայուն 50 հազար եկամտի աջակցումը կարող է անապահովության գնահատականի վրա ազդեցություն ունենալ, սակայն  յուրաքանչյուր ընտանիքի դեպքում անհատական մոտեցում է լինելու։

«Վերջնական արդյունքում ընտանիքը չի տուժում։ Այնպես  չէ, որ նա զրկվում է 60 հազար դրամից, որովհետև 50 հազար դրամ է ստանում։ Նա ավելի քիչ գումարից է զրկվելու, բայց ստանալու է ավելի շատ»,- վստահեցնում է Գալստյանը։

Նա նաև հիշեցնում է՝ նոր նպաստը կապ չունի երրորդ կամ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրամադրվող միանվագ աջակցության հետ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում