ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել С-400 համակարգերի գնման համար

ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել С-400 համակարգերի գնման համար

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող 4 պատգամավորներ նամակ են հղել երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին և պահանջել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել` Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այս մասին տեղեկացնում է Yeniçağ Gazetesi պարբերականը:

Պաշտպանության նախարարին ուղարկված նամակը ստորագրել են դեմոկրատ սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատորներ Թոմ Թիլլիսն ու Ջեյմս Լանկֆորդը:

Նամակն իր թվիթերյան էջում հրապարակել է Շահինը` նշելով մյուս 3 սենատորներին և կցելով հետևյալ գրությունը. «Մենք աշխատել ենք օրինագիծ ընդունել, որպեսզի Էրդողանին ցույց տանք, որ չենք հանդուժելու ՆԱՏՕ-ի և տրանսատլանտյան անվտանգության դեմ ուղղված նրա քայլերը: F-35 կործանիչների մատակարարման շղթայից Թուրքիայի հեռացումը երկու կուսակցությունների ջանքերի արդյունք էր, որը նպատակ ուներ ստիպելու Էրդողանին պատասխան տալ և պաշտպանելու ԱՄՆ-ի ամենազգայուն տեխնոլոգիաները: Եկել է ժամանակը, որպեսզի իշխանություններն անհապաղ ուժ տան օրենքին»,-գրել է Շահինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին. ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում