Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականների հետ

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորական խմբին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

 

Հանդիպմանը Նորին Սրբությունն ի դեմս խորհրդարանականների իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին այս ծանր օրերին, Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, հայ ժողովրդի կողքին լինելու և զորակցելու համար։ Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես երախտագիտությամբ արձանագրեց Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը և խաղաղության հաստատմանն ուղղված հետևողական ջանքերը։

 

Անդրադարձ կատարելով արցախյան հիմնախնդրին՝ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ի տարբերության Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և ռազմական ուժով հակամարտությունը լուծելու ձգտումների, Հայաստանը մշտապես պատրաստակամություն է դրսևորել խնդրի կարգավորմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Միևնույն ժամանակ Նորին Սրբությունն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից որդեգրած՝ Արցախի հայաթափման քաղաքականությունը, վայրագություններն ու պատճառվող ավերածությունները փաստում են, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լիարժեք գնահատելով առկա իրավիճակը, կանեն ամեն անհրաժեշտը պատերազմական ավերիչ գործողությունների կասեցման և Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի և ինքնորոշման իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

 

Ի պատասխան պատգամավորների հարցումների՝ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց ադրբեջանական ուժերի կողմից սրբավայրերի թիրախավորման, Արցախում տիրող կացությունը միջազգային հանրության ուշադրությանը հանձնելու նպատակով Հայոց Եկեղեցու նախաձեռնած քայլերի, ինչպես նաև այս օրերին գնդերեցների և այլ եկեղեցականների կողմից զինվորների, վիրավորների, զոհված հայորդիների ընտանիքների ու արցախցիների հովվական խնամքի և աջակցության այլ ծրագրերի վերաբերյալ։

 

Լուսաբանություններ տրվեցին նաև հակամարտության սկզբնավորման առաջին օրերից խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում