Դրոշմավճարի դրույքաչափի փոփոխության նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Օրենսդրական նախաձեռնության հեղինականերն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը: Նախագծով առաջարկվում է դրոշմանիշային դրույքաչափերի (նախկին 1000 դրամները- հեղ.) հետ կապված կատարել փոփոխություններ, որոնք բխում են ֆինանսական բեռի անհավասարաչափ բաշխվածությունից: Առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի վրա դրված ֆինանսական պարտավորությունների չափը էականորեն իջեցնել:
Հանձնաժողովի նիստին ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ քննարկումներից հետո նախագծում լրացումներ են կատարվել, և առաջարկում է քվեարկել լրացված տարբերակը:
«Լրացված տարբերակով առաջարկում ենք անհատ ձեռնարկատերերի համար տարեկան սահմանվող գումարի չափը (դրոշմանիշային դրույքաչափերը-հեղ.) փոխարինել հետևյալ սահմանաչափերով: Մինչև 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարը 18 հազար դրամ է: Մենք հիմա առաջարկում ենք 18 հազար դրամ վճարեն՝ մինչև 2 մլն 400 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում: Այսինքն՝ երկու անգամ բարձրացնում ենք սահմանը»,- ասաց Գևորգ Պապոյանը: Դրանից բացի, եթե գործող կարգավորմամբ 2 մլն 400 հազարից մինչև 6 մլն դրամ հաշվարկային բազայի դեպքում նախատեսված է տարեկան 66 հազար դրամ, ապա առաջրկվող փոփոխությամբ նշվում է 24 հազար դրամ: 6 մլն-ից մինչեւ 12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորումով վճարվում է 102 հազար դրամ, այժմ նախագծով առաջարկվում է սահմանել 48 հազար դրամ: Գործող օրենքում 12 մլն դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 հազար դրամ է, փոփոխությամբ առաջարկվում է 120 հազար դրամ:
«Ես ուզում եմ ընդգծել, որ այս փոփոխություններն ընդունելու դեպքում որևէ կերպ չի վտանգվի հիմնադրամի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ-հեղ.) գործունեությունը, չի ազդի դրա վճարունակության, ֆինանսական կայունության վրա: Հիմնադրամը կատարել և կատարելու է իր առջև դրված բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով»,- ասաց Գևորգ Պապոյանն՝ ընդգծելով, որ տնտեսության վերականգնման փուլում անհատ ձեռնարկատերերի վրա դրվող ֆինանսական բեռը թեթևացնելը շատ կարևոր է: Պատգամավորը նկատեց, որ այս փոփոխությունների հետ կապված՝ բավական շատ դրական արձագանքներ են ստացել:
Պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո միկրոբիզնեսի հնարավորություններն ընդլայնվեցին: Վիճակագրական տվյալների համաձայն շուրջ 35 հազար անհատ ձեռնարկատեր կա գրանցված:
«Մենք հիմա ուսումնասիրում ենք, և տնտեսության զարգացման լավատեսական սցենարներ կան: Բավական ստվերային շրջանառություն է կրճատվել, ինչը երևում է հարկային եկամուտների ավելացմամբ: Այս փուլում մեր առաջարկած փոփոխությունը իրենից ներկայացնում է բարելավող դրույթ»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ պատերազմից հետո զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասով հիմնադրամի գործառույթները բազմապատկվել են: Այս օրենքի փոփոխությունը նպատակ ունի ստեղծել ֆինանսական ծանրության համաչափ բաշխվածություն և թեթևացնել անհատ ձեռնարկատերերի բեռը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ավելացրեց, որ առաջարկվող փոփոխությունների հետ կապված՝ իրենք սկզբունքային առարկություն չունեն:
Կարծիքներ