Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ներկայացուցիչների, այդ թվում՝ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրեն Նիկոլայ Սլաբժանինի հետ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն՝ անդրադառնալով հատուկ տիպի մանկատներում պալեատիվ խնամք ստացող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին առնչվող մի շարք հիմնահարցերի։
Նա ընդգծել է նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորությունը․ «Նախարարության քաղաքականության հիմքում երեխայի լավագույն շահի՝ նրա ընտանիքում ապրելու և մեծանալու իրավունքի իրացման ապահովումն է։ Մեր նպատակն է երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ անհնարինության դեպքում՝ երեխայի խնամքն ապահովել խնամատար ընտանիքում»։
Նիկոլայ Սլաբժանինը ևս անդրադարձել է խնամատարության ինստիտուտի և որդեգրման գործընթացին առնչվող մի շարք հարցերի․«Մենք ևս կարևորում ենք ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացումը։ Երեխայի համար ընտանիքն առաջնահերթություն է․ մենք դա քաջ գիտակցում ենք և ձգտում, որ յուրաքանչյուր երեխա ընտանիքում մեծանա»։
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հօգուտ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման։
Կարծիքներ