Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան
Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն պարզապես պարզ վերարտադրությունն այն կանոնակարգումների, որոնք առկա են այս կամ այն երկրներում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ մի երկրում այն կարող է շատ լավ գործել, մյուս երկրում վերածվել պատուհասի:
Այս մասին ասաց ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե սահմանադրական փոփոխությունները, արդյոք, շարունակո՞ւմ են լինել քաղաքական մեծամասնության օրակարգը:
«Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված: Մենք պետք է խնդիր-լուծում տարբերակով առաջնորդվենք: Այսինքն՝ արձանագրել ենք խնդիրը և ունենք լուծումը: Ընդ որում, խնդիրը պետք է լինի իրական, որը հետագայում սահմանադրաիրավական զարգացման վրա ազդեցություն է ունենալու, իսկ լուծումը պետք է լինի ազգային»,- ասաց Վարդանյանը:
Ըստ պատգամավորի` պրակտիկան ցույց է տալիս, որ երկիրը հրաժարվում է մի մոդելից, ընտրում է մեկ այլ մոդել, այնուհետև այդ մոդելից ևս հրաժարվում է և ընտրում է երրորդ մոդելը:
«Իրականում բոլոր մոդելները որոշակի խնդիրներ են առաջացնում մի պարզ պատճառով, որովհետև այդ մոդելները ձևավորվել են, մշակվել են որոշակի միջավայրում, որոշակի սահմանադրական մշակույթի առկայության պարագայում և քո երկրում կարող են առաջացնել լրացուցիչ խնդիրներ»,- եզրափակեց Վարդանյանը:
Կարծիքներ