Նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ: Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում նաև զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում:
«Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նա վստահեցրեց, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:
Կարծիքներ