Վրաստանի ՏԻՄ ընտրություններին հետևելու են ավելի քան 3000 դիտորդներ՝ 36 միջազգային և 75 տեղական կազմակերպություններից

Վրաստանի ՏԻՄ ընտրություններին հետևելու են ավելի քան 3000 դիտորդներ՝ 36 միջազգային և 75 տեղական կազմակերպություններից

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաշված օրեր են մնացել: Չնայած պանդեմիային ու Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն, հոկտեմբերի երկուսի ընտրություններին հետևելու է 36 միջազգային ու 75 տեղական կազմակերպություն` ընդհանուր առմամբ, ավելի քան 3000 դիտորդ: Հաղորդում է Aliq Media-ն։

Հատկապես նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վիճելի արդյունքներից հետո, հատուկ հետաքրքրություն է առաջացել ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Սրան գումարվում է նաև Շարլ Միշելի փաստաթուղթը, ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ այս փաստաթղթից դուրս գալու փաստը:

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) առաքելությունը Վրաստանում ընտրական գործընթացներին հետևում է օգոստոսի 26-ից: Կազմակերպությունը Վրաստանում այդ ընթացքում 12 միջազգային փորձագետի կազմով էր ներկայացված: Այնուհետև երկիր են ժամանել 30 երկարաժամկետ դիտորդներ ու բաշխվել շրջաններում: Սեպտեմբերի վերջին նրանց կմիանան 300 կարճաժամկետ դիտորդներ:

Միջազգային հետազոտական կազմակերպության (IRI) թիմը Վրաստանում գործում է սեպտեմբերի 6-ից: Թիմում աշխատում է երեք երկարաժամկետ վերլուծաբան, առաքելության ղեկավար և նրանց վրացի աշխատակիցները:

Այս տարի կազմակերպությունը հինգ անդամից բաղկացած խմբով է ներկայացված: IRI-ը նախորդ տարվա նման, այս տարի էլ չի կարողանա բարձր ակտիվությամբ մասնակցել ընտրություններին:

Որպես դիտորդ ընտրություններին մասնակցում են նաև գործընկեր պետությունները՝ Լիտվայի ԿԸՀ-ն, Իտալիայի, Ճապոնիայի դեսպանատները, ԵՄ ներկայացուցչությունը Վրաստանում, ԱՄՆ դեսպանությունը Վրաստանում և այլն:

Ինչ վերաբերում է տեղական դիտորդական առաքելություններին` կմասնակցեն ISFED, GYLA, TI կազմակերպություններն ու այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում