Հայաստանը շրջանցեց Թուրքիային. Մեր ազգային թիմը միակն է ԱՊՀ-ում…

Հայաստանը շրջանցեց Թուրքիային. Մեր ազգային թիմը միակն է ԱՊՀ-ում…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջողությունն Ազգերի լիգայի խաղարկությունում բացառիկ կարելի է համարել մեկ այլ տեսանկյունից։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը միակն է ԱՊՀ երկրների շարքում, որին հաջողվեց հաղթող դառնալ ենթախմբում։

Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը, առաջին հորիզոնականը զբաղեցնելով C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում, ձեռք բերեց B դիվիզիոնի ուղեգիր։ Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը հաջորդ խաղարկությունում պայքարը շարունակում են ավելի բարձր դիվիզիոնում, իսկ 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նահանջում են ավելի ցածր դիվիզիոն։ Ամենաբարձր՝ А դիվիզիոնի ենթախմբերի հաղթողներն էլ փլեյ-օֆում կվիճարկեն Ազգերի լիգայի հաղթողի կոչումը։ Մասնավորապես, Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆ են դուրս եկել А դիվիզիոնի 4 ենթախմբերի հաղթողները՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Բելգիան։

Ինչևէ, նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով Ազգերի լիգայի խաղարկությունում գրանցած արդյունքով Հայաստանի հավաքականին հաջորդում է Ռուսաստանը, որը ելույթ ունեցավ B դիվիզիոնում։ Չնայած վերջին երկու հանդիպումներում ռուսները խայտառակ պարտություններ կրեցին, այնուամենայնիվ 3-րդ խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ պահպանեցին դիրքը B դիվիզիոնում։ Հիշեցնենք, որ խմբային փուլի 5-րդ տուրում 2։3 հաշով Թուրքիային զիջելուց հետո Ռուսաստանը վերջին տուրում 0։5 հաշվով պարտվել էր Սերբիային։ Այս ենթախմբի հաղթող է դարձել Հունգարիայի հավաքականը, որը պայքարը կշարունակի А դիվիզիոնում։ Ի դեպ, այս խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիան, որը նահանջել է C դիվիզիոն։

Փաստորեն, Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը շրջանցեց Թուրքիային, որը այս պահին մեր գլխավոր թիմից մեկ դիվիզիոն ավելի ցածր է։ Ուկրաինայի հավաքականը, որը ընդգրկված էր А դիվիզիոնում, 4-րդ ենթախմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և պահպանել դիրքը։ Այս խմբում վերջին տեղը զբաղեցրել է Շվեյցարիայի հավաքականը, որը նահանջել է B դիվիզիոն։ А դիվիզիոնից B դիվիզիոն են նահանջել նաև Իսլանդիայի, Շվեդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները։ B դիվիզիոնում, բացի Ռուսաստանից, իրենց դիրքը պահպանել են նաև Նորվեգիայի, Ռումինիայի, Շոտլանդիայի, Իսրայելի, Սերբիայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի ազգային թիմերը։

C դիվիզիոնից, Հայաստանից զատ, B դիվիզիոնի ուղեգիր են նվաճել նաև Մոնտենեգրոյի, Սլովենիայի և Ալբանիայի հավաքականները։ C դիվիզիոնից ամենացածր՝ D դիվիզիոն են նահանջել Կիպրոսի, Էստոնիայի, Մոլդովայի և Ղազախստանի հավաքականները։

Ինչևէ, պատմական արդյունքի հասնելուց բացի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկ այլ ռեկորդ է սահմանել։ Մասնավորապես, իսպանացի մասնագետին հաջողվել է 5 խաղում անընդմեջ պարտություն չկրել Հայաստանի ընտրանու ղեկին։ Վերջին 5 խաղում Հայաստանի հավաքականը՝ Կապառոսի գլխավորությամբ, խաղացել է 2 ոչ-ոքի և տարել 3 հաղթանակ: Վերջին 5 խաղերը մեր հավաքականն անցկացրել է Ազգերի լիգայի շրջանակներում, պարտվել միայն առաջին տուրում՝ Հյուսիսային Մակեդոնիային, իսկ հետո ոչ-ոքի անցկացրել Էստոնիայի ու Վրաստանի հավաքականների հետ, ինչպես նաև մեկական անգամ հաղթել իր խմբի 3 թիմերին:

Նախօրեին ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2022 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանության զամբյուղները, որոնք կազմվել են ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի: Հայաստանի հավաքականը, որը վարկանիշային աղյուսակում այս պահին զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը, հայտնվել է 5-րդ զամբյուղում Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Ադրբեջանի, Էստոնիայի, Ղազախստանի, Կոսովոյի, Լիտվայի, Լատվիայի և Անդորրայի հավաքականների հետ միասին։ Սա նշանակում է, որ վիճակահանության արդյունքներով թվարկված հավաքականներից ոչ մեկը մերոնց բաժին չի հասնի։

Առաջին զամբյուղում տեղ են գտել Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների ազգային թիմերը։ Երկրորդ զամբյուղում են Շվեյցարիան, Ուելսը, Լեհաստանը, Շվեդիան, Ավստրիան, Ուկրաինան, Սերբիան, Թուրքիան, Սլովակիան և Ռումինիան։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Ռուսաստանը, Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Հյուսիսային Իռլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Շոտլանդիան, Հունաստանն ու Ֆինլանդիան։ 4-րդ զանբյուղում տեղ են գտել Բոսնիա և Հերցեգովինան, Բելառուսը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Իսրայելը, Սլովենիան, Լյուքսեմբուրգը, Վրաստանը։ Վերջապես ամենացածր՝ 6-րդ զամբյուղում են Մալթան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Ջիբրալթարը և Սան Մարինոն։ Վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում