«Ծակ դաշնակ», «կաղկանձոց»․ Չախոյանի գործողություններում վարքագծի կանոնի խախտում չի եղել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) սեպտեմբերի 23-ին հրապարակել է թիվ 11/2025/Վ/Վ եզրակացությունը, որով քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կողմից էթիկայի նորմերի հնարավոր խախտման հարցը։
Քննությունը վերաբերում էր Չախոյանի կողմից 2024թ․ հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում արված գրառմանը, որտեղ օգտագործվել էին «ծակ դաշնակ», «կաղկանձոց» և «շնագայլ» ձևակերպումները։
Չախոյանը պարզաբանել է, որ գրառումը կատարել է ի պատասխան իր հասցեին հնչած քննադատությունների և այն քաղաքական բնույթի է։ Նա նշել է, որ իր էջում հիմնականում հրապարակվում են քաղաքական հայտարարություններ և գնահատականներ։
Հանձնաժողովը վերլուծել է գրառումը Վարքագծի կանոնագրքի 48-րդ կետի համատեքստում և եզրակացրել, որ Չախոյանի գործողություններում վարքագծի կանոնի խախտում չի եղել։ ԿԿՀ-ն շեշտել է․
Գրառման արտահայտությունները, թեև կոշտ, կատարվել են քաղաքական դիսկուրսի շրջանակում։
Գրվածքը համարվել է քաղաքական խոսք, որն ավելի լայն պաշտպանություն է վայելում։
Գրառումը կատարվել է Չախոյանի անձնական սոցիալական էջում, ոչ թե պաշտոնական կարգավիճակով։
Քաղաքական բանավեճերը սոցիալական մեդիայում հաճախ ներառում են սուր հռետորաբանություն։
Հանձնաժողովը իր որոշումը հիմնավորել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան հոդվածներով՝ հաստատելով, որ Չախոյանի գործողությունները չեն վնասել հանրային ծառայության հեղինակությանը։
Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկվելու է Տարոն Չախոյանին և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Կարծիքներ