Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չեխիայի Հանրապետության ազգային տոնին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին որպես պատվավոր հյուր մասնակցել է Չեխիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում կառավարության անունից հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
Ինչպես հայտնել են նախարարությունից, դիմելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մյուս ներկայացուցիչներին՝ նախարար Արսեն Թորոսյանը Չեխիայի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում:
Նախարարը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանն ուղղված քայլերին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:
«Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ սերտ գործակցություն է հաստատվել նաև մեր երկրների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև: Մեծապես արժևորում եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանում սոցիալական բարեփոխումների օրակարգին և վերահաստատում մեր պատրաստակամությունը խորացնելու փոխգործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով Հայաստան-Չեխիա հարաբերություններում առկա դրական դինամիկան ապագայում նույնպես կպահպանվի։
Կարծիքներ