ՆԱՍԱ-ի տիեզերագնացները ՄՏԿ-ից վերադառնալիս 45 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք կկատարեն օվկիանոսում
ՆԱՍԱ-ի տիեզերագնացներից երկուսը պատրաստվում են Միջազգային տիեզերակայանից Երկիր վերադառնալիս վերջին 45 տարում առաջին անգամ վայրէջք կատարել ջրի վրա:
Ինչպես նշում է The Guardian-ը, դա բավականին ռիսկային քայլ է, քանի որ Ֆլորիդայի ափերի մոտ մոլեգնում է «Իսայաս» հզոր փոթորիկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոբերտ Բեհնեկենն ու Դուգլաս Հարլին Միջազգային տիեզերակայան էին մեկնել մայիսին՝ ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավով: Այդ թռիչքը պատմական էր այնքանով, որ ԱՄՆ-ն վերջին ինը տարում առաջին անգամ էր իր տիեզերագնացներին ԱՄՆ տարածքից տիեզերք ուղարկում: Նախկինում ամերիկյան կողմը դիմում էր ռուսական «Սոյուզ» մոդուլի օգնությանը:
Հայտնի է, որ տիեզերագնացների զույգը պետք է Երկիր վերադառնա կիրակի՝ SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով: Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ տիեզերագնացներն օվկիանոսում վայրէջք են կատարել 1975թ. հուլիսին: Դրանից հետո նրանք բացառապես վայրէջք են կատարել հողի վրա:
Կարծիքներ