ԼՂ հայերի հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ․ Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի հնարավորությանն ու մեխանիզմներին։
Անդրանիկ Գրիգորյանն այդ մասին խոսել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի վերածննդի օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Օգոստոսը, ըստ Գրիգորյանի, մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր մարտունեցու համար, այն ակներև ապացույցն է մարտունեցու ոգու արիության, տոկունության, հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի:
«Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում, պատերազմի բովում, 1992 թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը թեժ մարտեր էին ընթանում Մարտունու շրջանի բոլոր ուղղություններով, որը ճակատագրական և վճռորոշ պետք է լիներ Մարտունու շրջանի բնակչության համար։ Մարտերի ընթացքում իրենց կյանքը չխնայած հայորդիների շնորհիվ Մարտունու շրջանը և քաղաքը անառիկ մնացին:
Մարտունու շրջանը չզիջեց թշնամուն որևէ հողակտոր, իսկ Մարտունի բերդաքաղաքը ո՛չ Արցախյան ազատամարտի և ո՛չ էլ 2020 թ. 44-օրյա ու
2023 թ. սեպտեմբերի 19-20 ընթացած պատերազմական գործողությունների ժամանակ չընկավ թշնամու ձեռքը և մնաց կանգուն շնորհիվ քաջ և անձնուրաց մարտիկների, այն պարագայում, երբ թշնամին իր զինանոցի ողջ ուժերով կենտրոնացած էր քաղաքի ուղղությամբ և ջանք չէր խնայում գրավելու այն։ 2007թ. ապրիլի 5-ին Մարտունու քաղաքի ավագանին որոշում կայացրեց օգոստոսի 17-ը հռչակել Մարտունի քաղաքի վերածննդի օր։
Այս տարի այդ օրը նորովի է նշանավորվել մարտունեցիներիս համար: Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձնազոհ և քաջ հայորդիների պայքարի և սխրանքի խորհուրդը, այլ նաև մեր ներկայիս պայքարի տեսլականը»,- ասել է նա:
Գրիգորյանը զրույցի ընթացքում նաև մանրամասնել է ներկայիս պայքարի իր տեսլականը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարտունեցու սրտում վառ է վերադարձի գաղափարը:
«2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը պետական մակարդակով սկսեց իրականացնել հակահայ գործողություններ, և քաղաքացիական բնակչության սպանություններով, որոնց թվում կային երեխաներ, կանայք, ծերեր, զոհերի մարմինների խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, բռնություններով, գերեվարումներով և առևանգումներով, սպառնալիքներով և ահաբեկումներով իրականացրեց արցախահայության էթնիկ զտում՝ բռնի ուժով տեղահանելով հարյուր հազարավոր բնակչության, զրկելով նրանց սեփական հողում ապրելու իրավունքից:
Այսօր մեր պայքարը չի դադարելու մենք ունենք վերադարձի արդարացի իրավունք, որը սահմանվում է միջազգային մի շարք ակտերով և նորմերով ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան և դրա 1967թ. արձանագրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Ժնևի կոնվենցիան և այլն:
Արցախահայերիս, մարտունեցիներիս ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված մեր պայքարը արդարացի է, որի վերջնարդյունքին հասնելուն ուղղված քայլերը չեն դադարելու։ Ոչ ոք իրավասու չէ խախտել հայրենիք մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահը:
Ո՞րոնք են վերադարձի մեխանիզմների Անդրանիկ Գրիգորյանի պատկերացումները:
Անդրադառնալով հարցին, վերջինս նշել է.
«Ինչպես բազմիցս նշել եմ, մեր հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ։ Արցախահայերիս վերադարձի համար կարևոր և միևնույն ժամանակ պարտադիր նշանակություն ունի միջազգային հաստատուն ներգրավվածությունը այս գործընթացներին։Վերադարձի մեխանիզմների մեջ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի շրջանակներում կիրառվող գործիքները, որոնք կպաշտպանեն արցախահայերիս արժանապատվությունը, ազատությունը և անվտանգությունը:
Վերադարձի գործընթացը պետք է լինի հստակ իրավական հիմքի վրա՝ ապահովելով միջազգային իրավունքի գերակայության և արդարության պահպանությունը։ Այո, վերջին տարիներին միջազգային հանրության կողմից բազմիցս հնչել են կոչեր և դատապարտություններ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք, սակայն, այսօր մոռացության են մատնվել, ինչը կարող է հանգեցնել նոր աղետի»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ